16/10/2025

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցն ավարտվել է, ըստ Fox News-ի։

Հինգշաբթի երեկոյան Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարեց, որ սկսել է երկար հեռախոսազրույց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու քաղաքական գործիչների զրույցը տեղի է ունենում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երրորդ հանդիպման նախօրեին։

Արդեն հայտնի է, որ Զելենսկու վարչակազմը մի շարք առաջարկներ է պատրաստել Վաշինգտոնի համար, որոնք նախատեսված են Թրամփին խրախուսելու Ուկրաինային հակաօդային պաշտպանության և հեռահար հրթիռներ մատակարարելու հարցում։

ԱՄՆ նախագահը ներկայումս զբաղված է Ուկրաինայի համար «Հաղթանակի հիմնադրամ» ստեղծելով։ Այն ֆինանսավորվելու է այն բարձր մաքսատուրքերից ստացված եկամուտների հաշվին, որոնք Սպիտակ տան ներկայիս ղեկավարը սահմանելու է առաջիկա նոյեմբերից՝ Չինաստանի հանդեպ։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Թրամփը հանձնարարել է այդ հիմնադրամի հետ կապված պլանները ներկայացնել եվրոպական գործընկերներին՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ կատարելիք այցը։

Համաձայն նախագծի, Չինաստանի հանդեպ ներկրումային 500 տոկոսանոց մաքսատուրքեր են սահմանվելու, իսկ ստացված եկամուտները տրամադրվելու են ուկրաինական բանակի համար զենք գնելուն։ Միաժամանակ նախատեսվում է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել ՌԴ վրա՝ հաշվի առնելով, որ ռուսական ռազմական հզորությունը կախված է չինական օգնույունից։ Նպատակն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցային սեղանի շուրջ նստի նախագահներ Թրամփի եւ Զելենսկու հետ։