Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմադ ալ-Շարաան հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա: Այդ մասին հաղորդել է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
Հոկտեմբերի 15-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ծրագրվում է քննարկել ռուս-սիրիական հարաբերությունների ընթացիկ վիճակը, քաղաքական, առեւտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում հեռանկարները, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում իրադարձությունների վերջին զարգացումները»:
ՌԻԱ Նովոստիի ներկայացմամբ, նախօրեին ալ-Շարաան հարցազրույց է տվել CBS-ին և ասել, որ Սիրիան Ռուսաստանի և Չինաստանի հետ հաստատում է «հանգիստ հարաբերություններ, որ հիմնված են նրա ռազմավարական շահերի վրա»:
Նրա խոսքերով, Դամասկոսն այդ հարցում Մոսկվայից և Պեկինից «դրական ազդակներ է ստացել»: Ալ-Շարաան հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ շփումները չեն հակասում Արևմուտքի և Վաշինգտոնի հետ Սիրիայի հարաբերություններին:
Սիրիան ավելի քան երկու տասնամյակ Մերձավոր Արևելքում հանդիսացել է Ռուսաստանի ռազմական ներկայության հենակայան: Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանների ճակատագիրը մնում է անորոշ:
Պուտին-ալ-Շարաա բանակցությունների օրակարգից, որ հրապարակայնացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հետևում է, որ նրանց անվտանգային և ռազմական համագործակցության հետ կապված հարցեր չեն քննարկի:
Ուշագրավ է, որ ալ-Շարաան Մոսկվա է մեկնել Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովից» մեկ օր անց: Ի դեպ, Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը և Ահմադ ալ-Շարաան չեն հրավիրվել, բայց պատրաստվում են քննարկել մերձավորարևելյան վերջին զարգացումները:
Տպավորություն է, որ Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմակայանների ճակատագիրը քննարկվում է հենց այդ՝ մերձավորարևելյան համապարփակ կարգավորման, համատեքստում: Շարմ էլ Շեյխում այդ մասին որևէ հրապարակային քննարկում չի կայացել:
Այդ առումով Սիրիան ինքնուրույն որոշում կայացնելու ռեսուրս, ամենայն հավանականությամբ, չունի: Շարմ էլ Շեյխի համաձայնությունների երաշխավոր են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը:
Եվ բարդ է ասել, թե նրանք Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կայունությա՞ն, թե՞ կոնֆրոնտացիայի բաղադրիչ են գնահատում: Փորձագիտական տեսակետ կա, որ Իսրայելը կողմ է Սիրիայում ռուսական ռազմահենակայանների պահպանմանը:
Ռուսաստանը կմնա՞ Մերձավոր Արևելքում, թե՞՝ «կարտաքսվի»: Այս հարցը կարող է «ներմուծվել ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստ»:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor