19/10/2025

Նաթանյահուի դեմ նոր քրեական հետապնդում սկսելու պատճառ

Իսրայելի Արդարադատության բարձրագույն դատարանը հոկտեմբերի 15-ին Նաթանյահուի կառավարությանը պարտավորեցրել է առավելագույնը 30 –օրյա ժամկետում կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով է քննվելու 2023թ. հոկտեմբերի 7-ի իրադարձությունների ողջ համալիրը:

Խոսքը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի տարածք ներխուժելու, զանգվածային սպանդ իրականացնելու, զինվորականների և քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներին պատանդառելու պատճառների հետաքննության մասին է:

Ավելի վաղ կառավարությունը պատճառաբանել է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ հնարավոր չէ իրականացնել համալիր և անաչառ հետաքննություն:

Արդարադատության բարձրագույն դատարանի վճռում ասվում է, որ Գազայում հրադադարի հաստատումից, ողջ մնացած պատանդների արձակումից հետո հետաքննությանը խոչընդոտող հիմնավոր պատճառներ այլևս չկան:

«Սև հոկտեմբերի 7-ի» պատճառների հետաքննության խնդիր Իսրայելում հարուցվել է ավելի քան մեկուկես տարի առաջ: Կառավարությունն առաջարկել է, որ ստեղծվի հետաքննության խորհրդարանական հանձնաժողով՝ Քնեսեթի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ընգրկմամբ:

Ընդդիմությունը և հանրային լայն շրջանակները պահանջում են, որպեսզի ձևավորվի անկախ պետական ՝ ամենալայն, այդ թվում՝ բանակի, ռազմական հետախուզության և հատուկ ծառայությունների նկատմամբ լիազորություններով օժտված, հանձնաժողով:

Արդարադատության բարձրագույն դատարանը, փաստացի, կառավարությանը պարտավորեցրել է մեկամսյա ժամկետում հստակ դիրքորոշում հայտնել՝ ստեղծվելո՞ւ է պետական հանձնաժողով, թե՞ Նաթանյահուն շարունակում է պնդել, որ հետաքննությունն իրակաանցվի խորհրդարանական մակարդակով:

Ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը Նաթանյահուին անվանում է «հոկտեմբերի 7-ի կառավարության վարչապետ»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ ողբերգության անմիջական պատասխանատուն նա է:

Փորձագիտական կայուն տեսակետ գոյություն ունի, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «սադրել է Նաթանյահուն, որպեսզի պատերազմի առիթով օկուպացնի Գազան, բռնատեղահանի բնակչությանը և այդպիսով փակի Պաղեստինի անկախ պետության հարցը»:

Ի՞նչ որոշում կընդունի Իսրայելի կառավարությունը, կգնա՞ պետական անկախ հանձնաժողով ստեղծելու քայլի: Դա կարող է Նաթանյահուի դեմ նոր քրեական հետապնդում սկսելու պատճառ դառնալ, բայց հակառակ դեպքում էլ նա ծանրակշիռ մեղադրանքներից նույնպես ապահովագրված չէ: