Մկրտիչ սրբազանին երկու հոդված են մեղսագրում. այս երկու հոդվածի մեջ էլ օրենսդիրն այսպիսի ձեւակերպում է օգտագործել. «Այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով»։
Հրապարակ թերթը գրել է․ Բայց իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց՝ հոկտեմբերի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մկրտիչ սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Խոսքը վերադասի կողմից` լիազորությունների չարաշահմամբ ենթականերին հանրահավաքների մասնակցել պարտադրելու մասին է, որում մեղադրում են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին:
«Սա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն, այս հոդվածներն ընդհանրապես վերաբերելի չեն Մկրտիչ սրբազանին։ Նախաքննության մարմինը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել։ Եվ սա էլ խոսում էր այն բանի մասին, որ արհեստական մեղադրանք էր, ընդ որում՝ արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային այստեղ կալանքի մասին որոշում ստանալ։ Մենք գիտենք, որ իշխանությունն էլ ավելի է օղակը սեղմելու, բնականաբար, մենք գիտենք՝ հիմնական նպատակը Մայր Աթոռն է, եւ վստահ ենք, որ հաջորդ քայլերն ուղղելու են դեպի Մայր Աթոռ»,- ասաց փաստաբանը։
Նա նկատեց, որ կալանքի համար կարեւոր պայմաններից մեկը հիմնավոր կասկածի առկայությունն է. «Իրենք երկու հոդվածով են մեղադրում, ասում են՝ հարկադրել եք, որ մասնակցեն հավաքների, բայց այդ հարկադրանքի փաստն էլ չկա։ Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել են։ Մյուս մասով էլ ասում է՝ քարոզչության վրա եք ազդել 2021 թվականին։ Ասում են՝ ժողով եք արել, ասել եք՝ ում ուզում եք, ընտրեք` Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք։ Եթե նույնիսկ նման բան ասվել է, դա կոչվում է քարոզչություն, չի կոչվում հանցագործություն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների տներում, առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում՝ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են, սրբազանին երկամսյա կալանք են տվել։ Գործը հարուցվել է Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հ1-ում արված հայտարարության հիմքով։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգեւորականներին՝ մասնակցել 2021 թ. ընդդիմության ակցիաներին։ Մկրտիչ սրբազանը մեղադրվում է 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաեւ՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Հիշեցնենք նաեւ, որ վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիման վրա: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր էջում գրառում էր արել. «Դանիել Իոաննիսյանի լոբբինգով ընդունված «հավաքներին նյութապես շահագրգռելու» հանցակազմի իրավական որոշակիության բացակայության ու, ընդհանուր առմամբ, նման հանցակազմի անտրամաբանականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է: Այս նորմի հակասահմանադրականության հարցն առաջինը բարձրաձայնել ենք ու ՍԴ դիմելու համապատասխան միջնորդություններ ենք արել դեռեւս 2022թ. Ավետիք Չալաբյանի ապօրինի հետապնդման ժամանակ (որի ընթացքում նա շուրջ 4 ամիս ապօրինի կալանաքի տակ էր): Դրանք՝ բոլորը, մերժվել են դատախազության եւ դատարանի կողմից: Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին (հուսով ենք՝ ՍԴ-ն կհետեւի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին), բայց քանի հոգի այս հոդվածով ենթարկվեց ապօրինի հետապնդումների ու պահվեց անազատության մեջ:
ՀԳ. Դե գիտեք, իրավաբանության ու ընդհանրապես բոլոր հնարավոր տեխնիկական ու հումանիտար գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Իոաննիսյանը հիմա էլ «Սահմանադրություն» է գրում…»:
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այժմ տեղի ունեցող ռեպրեսիաներին եւ իր մեղադրանքին ու Վենետիկի հանձնաժողովի դիտողությանը, նկատում է. «Կա 236-րդ հոդված` ՀՀ քրեական օրենսգրքում, այդ հոդվածի առաջին մասը վերաբերում է հանրահավաքներ կազմակերպելուն խանգարելուն, իսկ երկրորդ մասը վերաբերում է հանրահավաքներին մասնակցելու պարտադրմանը: Դանիել Իոաննիսյանի թեթեւ ձեռքով, ինչպես գիտենք, դեռ 2022 թվականին, վերոնշյալ հոդվածի երկրորդ մասին ավելացվել էր մի նախադասություն, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ոչ միայն հարկադրանքի, այլեւ անձանց նյութապես շահագրգռելու համար: Երբ իմ նկատմամբ քրեական գործ սկսվեց, սկսվեց այն հիմնավորմամբ, որ իբրեւ ես փորձել եմ նյութապես շահագրգռել ինչ-որ անձանց, որպեսզի մասնակցեն հանրահավաքներին: Իհարկե, այս գործը դատարանում պարզապես փլվեց: Վենետիկի հանձնաժողովն ամսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին ուղղեց խորհրդատվական կարծիք, որով հայտարարվում է, որ անձին կամ անձանց նյութապես շահագրգռելու մասը որոշակիության եվրոպական չափանիշներին չի բավարարում, քանի որ ընդհանրապես պարզ չէ, թե ինչ ասել է նյութապես շահագրգռելը, հատկապես այն դեպքում, երբ հանրահավաքի կազմակերպիչներն ունեն իրավունք՝ մասնակիցներին նյութական աջակցություն տրամադրելու: Օրինակ` տրանսպորտային միջոցի ապահովում, սննդի տրամադրում եւ այլն: Դրանք լեգիտիմ երեւույթներ են, եւ ոչ մի կերպ քրեականացնել չի կարելի: Վենետիկի հանձնաժողովի հայտարարության հիման վրա Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի, ինչը դեռեւս չի արել: Նախ՝ պետք է վարույթը վերսկսեն, որոշում ընդունեն, եւ, հուսով եմ՝ որոշում կկայացվի, որ տվյալ հոդվածը հակասահմանադրական է: Ինչ վերաբերում է հոգեւորականներին, մասնավորապես` Մկրտիչ եպիսկոպոսին, նրան ուղղված մեղադրանքին, ապա նրան մեղադրում են միայն հանրահավաքներին մասնակցելու հարկադրանքի մեջ, սակայն չկա նյութական շահագրգռվածության մասին որեւէ խոսք: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը որեւէ կապ չունի հոգեւորականների գործի հետ: Այս բոլոր գործերում մասնակցություն ունի Դանիել Իոաննիսյանը, նա այն մարդն է, որի թեթեւ ձեռքով 236-րդ հոդվածը ժամանակին լրացվեց նյութական շահագրգռության մասով: Նա այն մարդն է, որը Մկրտիչ եպիսկոպոսի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին: Նա ամեն տեղ խառնված է: Ասում են, որ մարդկանց հարկադրել են մասնակցել բողոքի ակցիաներին, ես կարծում եմ, որ դա ապացուցելի չէ եւ ընդամենը պատրվակ է՝ եպիսկոպոսին ազատազրկելու համար: Գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ, ինչը խիստ դատապարտելի է եւ անընդունելի»:
Բաց մի թողեք
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է
Նիկոլ Փաշինյանն ինչու է Գյումրի մեկնել