18/10/2025

Բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել

«Ինչքան պայքարի ոգին մարում է, այնքան իշխանությունների ախորժակը մեծանում է, սանձարձակությունը նոր բնագծեր է նվաճում։ Բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել»,- Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը։

«Մենք հերթական անգամ կորցնում ենք մեր էտալոնային արժեքները։ Կենցաղային հանցագործի մակարդակի են հասցրել ազգային բարերարին, Սրբազաններին, դա ուղիղ հարված է մեր ազգային բուրգի կազմաքանդմանը։ Պետք է մեկ բռունցք դառնալ, ալտերնատիվ օրակարգ ձևավորել և ցույց տալ, որ այս ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որի հետ կարելի է այսպես վարվել»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ, լինելով շինծու գործերով մեղադրված անձ, հավատում է՝ օդից անգամ կարող են գործ հարուցել։

Նրա խոսքով՝ դեպքերի հերթականությունը վկայում է, որ ուղիղ ցուցում կա Վեհափառ հայրապետի դեմ։

Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Մեր ձեւով» շարժման  հանրահավաքը, որից հետո երթ կլինի` աջակցություն կալանավայրում գտնվող քաղբանտարկյալների եւ Սամվել Կարապետյանի։

Նկատեցինք, որ Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը ներքևից հետեւում է բեմահարթակին ելույթ ունեցողներին։

Ինչպես է Կարեն Կարապետյանը հետևում հանրահավաքին