26/10/2025

Կիպրոսի հյուսիսում Էրդողանի կրած ջախջախիչ պարտությունը

«Կայացել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահի ընտրությունները»:

Turkiye պարբերակայանը, վկայակոչելով «դեռևս ոչ պաշտոնական» տեղեկությունը, որ տարածել է այդ ինքնահռչակ կազմավորման «Ընտրությունների կենտրոնական խորհուրդը», հայտնում է, որ հաղթել է «ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ» Թուֆան Էրհյուրանը:

Նրա օգտին քվեարկել է «ընտրությունների» մասնակիցների 63 տոկոսը: «Գործող նախագահ» Էրքին Թաթարն ստացել է ընդամենը «կողմ» քվեների 37 տոկոսը:

Այդ առթիվ չափազանց վտանգավոր հայտարարություն է արել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նա «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանին» կոչ է արել «արտահերթ նիստ գումարել, մերժել Կիպրոսի դաշնային պետության նախագիծը և հայտարարել Թուրքիայի հետ միավորվելու մասին»:

Բահչելիի այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ «նորընտիր նախագահ» Էրհյուրանը կղզու միավորման և դանային Կիպրոսի հռչակման ուղեգծի կողմնակից է: Պաշտոնական Անկարան, մինչդեռ, պնդում է, որ Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրք բնակչությունը «պետք է անկախ պետություն ունենա և հասնի միջազգային ճանաչման»:

Բահչելին ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ «ընտրություններին» բնակչության մասնակցությունը «շատ ցածր է եղել»: Այդպիսով նա ակնարկել է, որ «նոր նախագահը չի ներկայացնում ամբողջ բնակչությունը»:

Ի՞նչ որոշում կընդունի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանը»: Անկարան ձգտելու է «ընտրությունների արդյունքները» չեղյալ հայտարարելո՞ւն, թե՞ առաջնորդվելու է Բահչելիի խորհրդատվությամբ:

«Քվեարկության» նախօրեին «ՀԿԹՀ գործող նախագահ» Թաթարը Կիպրոսի կառավարությանը մեղադրել է կղզին «ռազմակաանցնելու» մեջ: Նա առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Իսրայելի ազդեցության մեծացման առթիվ:

Եթե «ՀԿԹՀ խորհրդարանը» հայտարարի Թուրքիային միանալու մասին, ապա Անկարան, հավանաբար, լրացուցիչ զորքեր կտեղակայի օկուպացիոն գոտում, իսկ դա հղի է Միջերկրականի արևելյան հատվածում լարվածության կտրուկ աճով:

Կիպրոսի հյուսիսում Էրդողանի կրած ջախջախիչ պարտությունն, ամենայն հավանականությամբ, լուրջ ազդեցություն է թողնելու նաև Թուրքիայի ներքին կյանքում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան «երբեք չի հրաժարվի Կիպրոսի հյուսիսի թուրք բնակչության իրավունքները մինչև վերջ պաշտպանելու ուղեգծից»: