ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում մոտ ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, լրատվամիջոցներին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։
«Նախագահ Թրամփը մոտ ապագայում նախագահ Պուտինի հետ հանդիպելու ծրագրեր չունի», – ասել է նա։
Երկու առաջնորդների՝ Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, այս մասին ավելի վաղ հաղորդել էր NBC News-ի թղթակից Գարեթ Հաակը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև առաջին հեռախոսազրույցը «արդյունավետ» է եղել։
Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը կարծում է, որ երկու կողմերն էլ դեռևս բավականաչափ պատրաստ չեն հետագա բանակցությունների համար։
Հատկանշական է, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-ՌԴ բարձր մակարդակի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը՝ նվիրված Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:
Ռուսաստանի առաջնորդի հետ վերջին հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ իր և Պուտինի մասնակցությամբ գագաթնաժողովը երկկողմ է լինելու, բայց կապի մեջ են լինելու նաև Վլադիմիր Զելենսկու հետ:
Թե որն է նախնական համաձայնության չեղարկման պատճառը՝ հստակ չէ: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ դա կապված է Կրեմլի՝ Ուկրաինային ներկայացված պահանջների, այդ՝ թվում տարածքային նախապայմանների հետ:
Բուդապեշտում ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հանդիպման կազմակերպման լոգիստիկ խոչընդոտները, կարծես, հաղթահարված են: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բուլղարիան համաձայնել է Պուտինի օդանավին միջանցք տրամադրել:
Այսպիսով, հաստատվում է լուրը, որ Ռուսաստանի թիվ մեկ բորտը կհատի Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի օդային սահմանը, ապա բուլղարական միջանցքով կհասնի Բուդապեշտ:
Բաց է մնում հարցը, թե արդյո՞ք Բուդապեշտի գագաթնաժողովի հաջողությունը երաշխավորված է: Այս առումով ուշագրավ հրապարակում է արել գերմանացի քաղաքական մեկնաբան Դիրկ Էմերիխը: Նրա գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփը գործում է ի հակակշիռ դասական դիվանագիտության և քաղաքական հետեւողականության, բայց Գազայի հարցում նրա հաջողությունը չի կարելի անտեսել:
Էմերիխը համարում է, որ ԱՄՆ նախագահին ոչ թե իրավա-քաղաքական կարգավորում է պետք, այլ՝ «պատերազմի անհապաղ դադարեցում», ինչը նրա կարծիքով ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության «լայն հեռանկար կբացի»:
Գերմանացի մեկնաբանը ուշադրություն է հրավիրում փաստին, որ Անքորիջի բանակցություններում Վլադիմիր Պուտինին ուղեկցել են տնտեսական ոլորտի պատասխանատուներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Նա կարծում է, որ Միացյալ Նահանգներն Ռուսաստանի առաջարկում է Արկտիկայում համատեղ ծրագրեր իրականացնել: Այդ համատեքստում արժե հիշեցնել մամուլում տեղ գտած լուրը, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Բերինգի նեղուցում թունել կառուցելու և Ալյասկան Չուկոտկային կապելու հնարավորությունը:
«Դոյչե վելլեի» սյունակագիրը, սակայն, փորձագիտական իշխող տեսակետ է արտահայտում, որ ռուս-ամերիկյան տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերը գործնական քննարկումների փուլ կմտնեն, եթե Վլադիմիր Պուտինը Բուդապեշտում համաձայնի կրակի դադարեցման Թրամփի առաջարկին. «Կանգ ենք առնում այնտեղ, որտեղ այժմ գտնվում ենք»:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ ոլորտային մասնագետները կանխատեսում են Ռուսաստանի ընթացիկ ՀՆԱ-ի ընդամենը 0,7 տոկոսի աճ, ինչին կարող է «հաջորդել ռեցեսիա»: Ռուսաստանի տնտեսության «փլուզման» մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահը:
Խնդիրն այն է, թե Բուդապեշտում Վլադիմիր Պուտինն ի՞նչ կառաջարկի Դոնալդ Թրամփին: Ամերիկյան կողմի տրամաբանությունը, կարծես, պարզ է, կրակի դադարեցում՝ Ռուսաստանի տնտեսության «փրկության» դիմաց: Ով ում և ինչո՞վ «կգայթակղի» Բուդապեշտում: Եվ ի՞նչ կհետևի, եթե կողմերը «չգայթակղվեն»:






Բաց մի թողեք
ԵՄ-ն պատժեց ՌԴ-ին, արդյունքում Հունգարիայի վարչապետն է իրար խառնվել
Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն իջեցնել «զրոյական մակարդակի»
Մերձավոր Արևելքի «միավորումը» միջազգային քաղաքականության «կոդեր» է փոխում