Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է հոկտեմբերի 21-ին, Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ բանակցություններից հետո:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ շուտով Ակթաու-Բաքու-ադրբեջանական երկաթուղի-վրացական երկաթուղի գծով Հայաստան կհասնի ղազախստանյան ցորենի առաջին խմբաքանակը:
Ալիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև թղթի վրա հաստատված խաղաղությունը տեղափոխվում է իրական հարթություն: Աստանայում նա խոսել է նաև TRIPP նախագծի մասին: Նրա դիտարկմամբ՝ այդ երթուղուն ԱՄՆ նախագահի անունն է տրվել, և այն «իրականություն կդառնա»:
Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան իր տարածքով բեռների տարանցման սահմանափակումների վերացումն, անշուշտ, թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային լուրջ կարևորություն ունի և, կարծես, վկայում է հայ-ադրբեջանական կարգավորման «այլևս անշրջելիության» մասին:
Իրավիճակի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Անկարան մշտապես շեշտել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտության փոխկապակցվածությունը:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման պայմանագիրը նախաստորագրված է, Ադրբեջանն առաջին քայլն արել է՝ վերացնելով դեպի Հայաստանի իր տարածքով բեռների տարանցման սահմանափակումները: Թուրքիան կհետեւի՞ Ադրբեջանի օրինակին, հայ-թուրքական սահմանը բեռնափոխադրումների համար կբացվի՞:
Ավելի կարևոր է TRIPP նախագծին Թուրքիայի ներգրավվածության լոգիստիկայի հարցը: Անկարան ծրագրում է կառուցել Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղի: Իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը կարող է հարաբերությունների մի փուլում վերականգնել Աղստաֆա-Իջևան-Երևան երկաթուղային հաղորդակցությունը:
Կա՞ դիվանագիտական հնարավորություն, խոսքը նաև ներգրավված կողմերի աջակցության մասին է, որպեսզի Թուրքիան Նախիջևանի, այսինքն՝ «Թրամփի ուղուն» կապվի ոչ թե Կարս-Իգդիր, այլ՝ Կարս-Գյումրի-Երասխ գծով: Եթե նման լոգիստիկա գործի, ապա տարածաշրջանում կայունության և համագործակցության, ուստի և անվտանգության երաշխիքներ համալիր և ավելի ամուր կլինեն:






Բաց մի թողեք
Իշխանությունն արդեն մտնում է մեր ննջարաններն ու զուգարանները
Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ
Ըստ Reuters-ի վերլուծաբանների, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք տալ Փաշինյանի համար