Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկը ապրանքների որակի ստանդարտների հարցն է եղել՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ իր եւ վրաց գործընկեր Իրակլի Կոբախիձեի հանդիպման մանրամասների մասին։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի խոսքով՝ ոչ բոլոր ընկերություններն են հետեւում որակի եւ գործարար էթիկայի նորմերին, եւ դրա հետեւանքներն ինքն է կրում միջազգային ասպարեզում: Ասաց, թե դեռ 2018 թվականից է տնտեսվարողներին հայտարարել, որ պետք է ստանդարտներ լինեն։ «Ինչի՞ պետք ա ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունն ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ՝ երեւի էս կազմակերպությունն ուզում ա Հայաստանում ներդրում անի։ Բայց կազմակերպությունները հերթով գան, ասեն՝ ձեր երկրում էս արտադրանքն են կեղծում, էն արտադրանքն են կեղծում։ Հետո էլ ասենք, թե հիմա рычаг-ը քաշենք, պրոբլեմներ կլինեն,- ասաց Փաշինյանը եւ հավելեց։- Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել։ Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել։ Մեր մեծագույն պրոբլեմն էն ա, որ մենք մի պատուհան ունենք ու ամբողջ աշխարհը տեսնում ենք էդ պատուհանից, ու էդ պատուհանը թափանցիկության հարց ունի»։ Բագրատյանը հարցրեց, թե որքանով է տեղին Վրաստանի իշխանությունների կողմից խոչընդոտել հայկական ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան՝ որակի անհամապատասխանության պատճառով, եթե այդ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է: Փաշինյանը հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը չպետք է իրեն թույլ տա արտահանել «չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրած ա կոնյակ», եւ մենք չենք կարող այդ «յաթրջի արաղի» համար մեր ինքնիշխանությունը վտանգել։ Նկատի ունի` ոչինչ, որ հայկական կոնյակը Ռուսաստան չի գնա, Ռուսաստանից տարանջատվելն ավելի կարեւոր է, քան հայ տնտեսվարողների խնդիրները:
Հիշեցնենք, որ ամռանը Վրաստանի մաքսային ծառայությունը դադարեցրել էր Հայաստանից Ռուսաստան կոնյակի տարանցումը, եւ սկսել էին որակի ստուգման անվան տակ ամիսներով պահել կոնյակով բեռնված ֆուռերը Թբիլիսիում։ Հետո վրացիները «նալոգներ» դրեցին իրենց երկրով անցնելու համար, ու հարցը կարգավորվեց: Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագիտական հեղինակությունը զրոյացնելուց հետո այժմ էլ անցել է տնտեսական հեղինակությունը, հայկական արտադրանքը նսեմացնելու գործին:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններին, նկատեց. «Նախ՝ սկսենք նրանից, որ 13 տարի առաջ Հայաստանին զգուշացվել է, որ «կոնյակ» անվանումն արգելվելու է, այդ պատճառով շատերն արդեն վաղուց կիրառում են «բրենդի» անվանումը, սակայն այստեղ խնդիրն այլ է: Արդյոք երկրի ղեկավարը պե՞տք է խոսի այնպես, այն դիրքերից, որից հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը: Այն, որ «կոնյակ» անվանումն արգելվել է, խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ՝ միջազգային իրավանորմերը: Նիկոլ Փաշինյանը չպետք է աներ այն հայտարարությունները, որոնք արել է: Հիմա ասեմ, թե ինչու: Որովհետեւ դրանք աշխարհագրական անվանումներ են, ասեմ, որ Մոլդովան էլ չի արտադրելու կոնյակ, մյուս երկրներն էլ չեն արտադրելու: Այստեղ խնդիրը բնավ «մեր»-ի ու «մենք»-ի մեջ չէ, ի տխրություն Փաշինյանի: Մենք պետք է կարողանանք բրենդավորել այն խմիչքները, որոնք մերն են: Ինչո՞ւ է գործադիր իշխանության ղեկավարը, խոսելով այս մասին, բացասական էմոցիաներ հաղորդում, այլ ոչ թե դրական, այն պատճառով, որ կառավարման համակարգն այդ ոլորտը լիովին ձախողել է: Այսինքն` նա չի կարողանում բրենդավորում իրականացնել եւ փոխանակ այդ խնդիրներով զբաղվի, զբաղվում է վարկաբեկմամբ: Վարկաբեկման գործընթացներն ապահովելու համար կան այլ բազմաթիվ կառույցներ: Հավանաբար կհիշեք, որ տեւական ժամանակ առաջ հայկական խմիչքների մասով հետազոտություն եղավ, եւ հայտարարվեց, որ հայկական կոնյակն ունի խնդիրներ: Դեռ որոշ արտադրողներ գրում են շշի վրա «կոնյակ», բայց որոշ ժամանակ անց ոչ մեկը չի գրելու, եւ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Աշխարհում ոչ մի երկիր չի գրելու, ցանկացած այլ անուն կարող են դնել` «բրենդի» կամ այլ ինչ-որ մի բան, բայց ոչ կոնյակ»:
Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում էժանագին օղու հետ թեյի գույն են խառնում եւ դրանից կոնյակ սարքում, չկա՞ն մեզանում համապատասխան կառույցներ, որոնք պետք է զբաղվեն նման հարցերով, ստուգումներ իրականացնեն։ «Երբ ռուսներն ասացին, որ հայկական կոնյակը խնդիր ունի, ես մտածում էի, որ սա էլ քաղաքական հարց է: Մենք՝ բոլորս էլ պարբերաբար լինում ենք խոշոր առեւտրային կետերում, անուններ չեմ ուզում տալ, որտեղ կան գեղեցիկ շշեր, որոնց վրա գրված է, օրինակ, «կոնյակ», «լիկյոր» եւ այլն: Դրանք արժեն 1000-2000 դրամ, պարզ է, չէ՞, թե այդ շշերի մեջ ինչ է լցված: Հասկանալի է, որ դա խմելու բան չէ, բա դուրս գնացող ապրանքի որակի գնահատման հսկողությունն ո՞վ պետք է իրականացնի, ենթադրենք՝ մենք կարողանում ենք մեր երկրի ներսում հազար դրամանոց սպիրտը տարբերել բարձրակարգ խմիչքից, բայց, լավ, ո՞նց եք թույլ տալիս ձեզ, որ դա դուրս գնա, ո՞վ պետք է այդ հարցերով զբաղվի, ո՞ւմ ողորմածիկ տատը: Կան համապատասխան կառույցներ, որոնք պարտավոր են չափորոշիչներ ստեղծել եւ սահմանել, ապա հսկողություն իրականացնել: Հարց է առաջանում` ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս, որ ինչ զիբիլի վրա ասես՝ գրում են «կոնյակ»: Ուրախ եմ, որ մուննաթ են գալիս, որովհետեւ իրենք իրենց վրա են մուննաթ գալիս, այդտեղ այլ մեղավոր չկա, իրենցից բացի: Ուղղակի ավելի տեղին կլիներ, որ ես, Դուք մուննաթ գայինք: Մուննաթ պետք է գալ առաջին հերթին գործադիր իշխանության վրա: Կոնյակի սպիրտը գալիս է Մոլդովայից, գինու խտանյութը՝ այլ տեղից, մենք ունե՞նք իրավունք այն անվանելու հայկական: Գործադիրը պետք է այս հարցերն օրակարգ բերի, ինչո՞ւ չի բերում եւ եթե չի բերում, ապա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս: Էկոնոմիկայի նախարարությունում 700 հատ համապատասխան բաժին կա` ստանդարտացում, չգիտես ինչացում, ինչո՞ւ չեն խոսում այս հարցերի մասին: Կա Սննդի անվտանգության տեսչական մարմին, որը պարտավոր է զբաղվել այս հարցերով, լավ, գոնե իրար մեջ, իրար վրա մուննաթ եկեք, մեզնից ի՞նչ եք ուզում: Հարյուրավոր պրոբլեմներ կան, իրենք միանգամից սկսում են մուննաթ գալը, որ ոչ ոք հարց չտա իրենց: Ինչի՞ մասին է խոսքը, եթե բեռնատարների վարորդները խայտառակ պայմանների արդյունքում միտինգ են անում, իսկ էկոնոմիկայի նախարարը, փոխանակ այս մարդկանց լսի, Վարդանիկի մասին գրառումներ է անում Ֆեյսբուքում»:






Բաց մի թողեք
Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա
Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ
Ինչ սցենարներ են քննարկվում Գյումրիում