Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետարանում իսկական սոդոմ-գոմոր է, իրավապահները ձեռք չեն քաշել քաղաքապետարանի աշխատակիցներից՝ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներից, տեռորը շարունակվում է:
Հրապարակ թերթը գրել է․ Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորել են Ղուկասյանի եղբոր թոռանը՝ ավագանու անդամի։ Տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետարանի կոմունալ բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին ձերբակալել են, եւ բաժնի աշխատանքները մի քանի օր է՝ կաթվածահար են եղել:
Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը կոմունալ բաժնի աշխատակիցները համայնքապատկան աղբատար մեքենաներով փորձել են Գյումրու Վարդանանց հրապարակ եկող փողոցները փակել՝ թույլ չտալով ոստիկանական զորքերի «առաջխաղացումը»:
«Անհնազանդներից» ոմանց հենց նույն օրը, ոմանց` մեկ օր անց ձերբակալել են։
Արշալույսները խաղաղ չեն նաեւ ընդդիմադիր ավագանիների ճամբարում: Ղուկասյանի եղբոր թոռան կալանավորմամբ ընդդիմությունը կորցրել է մեծամասնությունն ավագանու կազմում, եւ եթե կալանավորվածը վայր չդնի իր մանդատը, եւ նրա փոխարեն ցուցակի հաջորդ համարը չհամալրի ավագանին, ապա ավագանու աշխատանքը կաթվածահար կլինի, ՔՊ-ն կբոյկոտի նիստերը, իսկ ընդդիմությունն էլ միայնակ չի կարողանա քվորում ապահովել, նիստեր գումարել:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հենց դա է ուզում, որ դեռեւս 2021 թվականին ՏԻՄ օրենքում կատարած փոփոխության հիմքով կարողանա տիրանալ իշխանությանը` Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, ինչպես արեց Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանին տարիներ շարունակ բանտում պատանդ պահելու ընթացքում, երբ Ակային նշանակեց պաշտոնակատար։ Ինչպես արեց անցած տարի` Բալասանյան դաշինքին զրկելով կառավարումից եւ Սարիկ Մինասյանին քաղաքապետի ԺՊ նշանակելով:
Ասում են՝ Վարդան Ղուկասյանը նախապես ծրագրել է՝ ֆորսմաժորի դեպքում ինչ անել՝ Գյումրին չհանձնելու համար, եւ, ամենայն հավանականությամբ, եղբոր թոռը մանդատից կհրաժարվի։ Սակայն, որոշ տեղեկություններով, իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստելու: Բացի այն, որ այս օրերին «բացատրական» աշխատանքներ են իրականացվում գրեթե բոլոր ընդդիմադիր ավագանիների հետ, ուզում են վախերը բռնել եւ համոզել, որ չմասնակցեն ավագանու նիստերին, ուրիշ քայլեր էլ են ձեռնարկել։
Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննարկի Վարդան Ղուկասյանի դեմ մի վարույթ, որով պետք է որոշի՝ արդյոք շահերի բախում չի՞ առաջացնում այն, որ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել համայնքապետի փեսան՝ դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը: Կարելի է չկասկածել, որ օրենքով անկախ այդ հանձնաժողովը Ղուկասյանի դեմ որոշում կկայացնի` ծառայելով Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Առաքելյանը կպաշտոնազրկվի, եւ Գյումրին չի ունենա քաղաքապետի առաջին տեղակալ, որը, ըստ էության, պետք է քաղաքապետի լիազորությունները ստանձներ եւ ամբողջությամբ կարող է կատարել քաղաքապետի գործառույթները, ի տարբերություն մյուս տեղակալների: Դրանից հետո, եթե անգամ հաջողվի նիստեր գումարել, քաղաքապետի տարիքով ամենաավագ տեղակալը՝ կոմունիստ Գագիկ Մանուկյանն է քաղաքապետի գործառույթներ ստանձնելու, բայց մասնակիորեն. օրենքը թույլ չի տալիս, որ նա բազմաթիվ իրավական ակտեր ընդունելու որոշումներ կայացնի, ինչն իշխանությունը կմեկնաբանի որպես քաղաքի բնականոն կառավարման խաթարում եւ կրկին համայնքապետի ԺՊ նշանակելու հնարավորություն կստանա։
Այս իրավիճակից ելքն այն է, որ կալանավորված ավագանու անդամները մանդատը հանձնեն ուրիշին, որպեսզի Ավետիս Առաքելյանի պաշտոնազրկումից հետո ընդդիմությունը կարողանա նոր քաղաքապետ ընտրել։
Կգնա՞ն այդ քայլին, այս պահին հստակ չէ․ մեզ ասացին, որ ընդդիմադիրները վերջին օրերին նիստեր են գումարում, եւ նախնական տրամադրվածությունն այն է, որ ձիգ են մնալու, Գյումրին չեն հանձնելու ՔՊ խմբակին։ Հակառակ դեպքում Սարիկ Մինասյանի խոստումը կյանքի է կոչվելու: Նա դեռ երկու ամիս առաջ ավագանու անդամներին ասել էր` երկու ամիս դիմացեք. Գյումրին մերն է լինելու, ես էլ քաղաքապետ եմ նշանակվելու։






Բաց մի թողեք
Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա
Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ
Ձեզ այլեւս ոչինչ չի փրկի