26/10/2025

Թերարժեքության բարդույթ

Պատմականորեն եւ աշխարհագրորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանը երեք կողմից սահմանակցում է իսլամադավան երկրների՝ Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, եւ միայն մեկ կողմից՝ քրիստոնեական Վրաստանին:

Հարեւանության այս անձեռակերտ կառուցվածքում ամենահաճախ շոշափվող հարցը հետեւյալն է. ինչո՞ւ Իրանում մշտապես հարգալից վերաբերմունք է դրսեւորվում մեր կրոնական մշակույթի, հավատի, եկեղեցու հանդեպ, իսկ Թուրքիայում եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանում հայկական եկեղեցիները կա՛մ ոչնչացվում են, կա՛մ վերածվում մզկիթի: Ինչպե՞ս հասկանալ իսլամ հարեւաններից մեկի հանդուրժողականությունը եւ մյուսի այլատյացությունը:

Իրանի մասով հատկանշական է երկու կարեւոր առանձնահատկություն. ա/ այդ երկիրն ունի հարուստ, անխառն մշակութային, քաղաքակրթական եւ կրոնական ժառանգություն, եւ բ/ ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Իրանը չունի թերարժեքության բարդույթ իր անցյալի առնչությամբ: Պետք է նկատի ունենալ, որ իրանական քաղաքակրթությունն Իսլամով չի սկսել եւ Իսլամով չի վերջանում:

Պատմության խորքից եկող Պարսկաստանը եւ Հայաստանը լավ ու վատ ժամանակներ են տեսել, վերելքներ ու վայրէջքներ ունեցել, բայց երբեք չեն հուսալքվել, կարողացել են պահպանել ոգու արիությունը եւ հասնել մինչեւ մեր օրերը՝ շարունակելով կողք-կողքի ապրել որպես լավ հարեւաններ ու բարեկամներ:

Այլակրոն այդ երկրում քիչ է ասել հարգանքով են վերաբերվում հայկական հոգեւոր ու պատմամշակութային ժառանգությանը: Մեր կրոնական արժեքներին՝ եկեղեցիներ, տաճարներ, խաչքարեր եւ այլն, Իրանում որեւէ վտանգ չի սպառնում, քանի որ գտնվում են պետական հոգածության ներքո:

Հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդները, որպես կանոն, ակնածանքով են ընդունում այլոց հարուստ, ինքնատիպ ճարտարապետական կերտվածքները՝ համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի անքակտելի մասն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Այստեղ գործ ունենք դասական իմաստով թերարժեքության բարդույթի հետ, որի մասին կխոսվի մի փոքր ուշ:

Իսկ մինչ այդ՝ փորձ կարվի հակիրճ տալ արդի Թուրքիայի նկարագիրը: Այսօր այդ երկիրը մի խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում գոյություն ունեցած մշակույթներն ու քաղաքակրթություն ստեղծած բազմազգ ժողովուրդների ժառանգությունը: Այդ ազգը նաեւ կրոնափոխ եղած ժողովուրդների մեծ խառնարան է, որոնց հոգեւոր արգասիքը թուրքերին հիշեցնում է իրենց ինքնության գաղտնի էջերը:

Այսօրվա թուրքերն, ըստ էության, թուրք են դարձել բացարձակապես Իսլամի շնորհիվ եւ նրա միջոցով: Հանում ես Իսլամը, տակը բան չի մնում՝ տորիչելյան դատարկություն: Մյուս մշակույթները «պահարանում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան թաքնված, որպեսզի երբեք չհիշեցնեն իրենց անցյալի մասին:

Դա է պատճառը, որ Թուրքիայում ատում են «մեծ խառնարանի» ժողովուրդների հոգեւոր-մշակութային ժառանգությունը, եկեղեցիները վերածում մզկիթների՝ որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարած հաղթանակի խորհրդանիշներ:

Հաղթանակը՝ հաղթանակ, բայց թուրք ազգի համար ծանր է առերեսվել իր անցյալի հետ, ապաշխարել 110 տարի առաջ գործած ոճրագործությունների համար: Թուրքերը թերարժեքության բարդույթ ունեն ավելի քան մեկ դար իրենց հետապնդող անցյալի հանդեպ:

Աթաթուրքը փորձել էր թուրքերին քաղաքացիական ազգ դարձնել, բայց գործընթացը բազում հարցեր էր առաջացրել, որոնց պատասխանների որոնումը կարող էր քայքայել թուրքերի ինքնությունը:

Թերարժեքության բարդույթով էր 30 տարի տառապում նաեւ Ադրբեջանի նախագահը, ինչը պարզ երեւաց հետպատերազմյան շրջանում իր պահվածքից՝ «հորթի» հրճվանքից, ՀՀ-ին ուղղված սպառնալիքներից, չվերջացող պահանջներից մինչեւ նրա վախերը:

Մի բան հստակ է՝ այսօրվա Հայաստանը, ինչպես էլ Փաշինյանն անվանի, թեկուզ՝ «Իրական», Էրդողանին եւ Ալիեւին միշտ հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը, եւ ինչ էլ մենք անենք, շարունակելու են մեզ ատել: Որովհետեւ ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ, բայց չի ստացվում:

«Հայացք Երեւանից»