26/10/2025

Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն

Չգիտեմ՝ ով ինչ է մտածում, բայց ես` որպես երկրով մտահոգ մեկը, ցնցված եմ այս «նորամուծությունից»: Ինչպե՞ս թե…

Փաշինյանը Հայաստանի 4-րդ հանրապետությունն է ստեղծում, ըստ էության, կործանելով Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի փառքը՝ որպես հիմնադիր-նախագահ նրան, հավանաբար, հանգիստ չի տալիս: Ինչո՞վ է պակաս Առաջին նախագահից:

Ուրեմն՝ նա պատրաստ է գնալ ամեն տեսակ «զոհողությունների», միայն թե Արցախի էջը փակված մնա, քանի որ Երրորդ հանրապետություն էր ստեղծվել Արցախյան շարժման արդյունքում՝ 34 տարի առաջ։ Բայց փլատակների վրա ի՞նչ պիտի կառուցի, իրակա՞ն Հայաստան։

Սա ի՞նչ է նշանակում՝ օգտվել խոր նիրհի մեջ գտնվող ժողովրդի անտարբերությունի՞ց, որ հետո բարձրաձայնի, թե ժողովուրդը համաձայն էր, ես էլ իրագործեցի ժողովրդի կամքը։ Իսկ եթե ստույգ՝ լուծարելով Հանրապետությունը, մի՞թե նա չի հայտարարում Հայաստանի կործանման մասին, մի՞թե չի բացում մեր երկրի դռներն ընչաքաղց հարեւանների առջեւ, որոնք հենց նման մի բանի են սպասում։

Օդում կախված իրական Հայաստան, որի կողքին 105 տարեկան Ադրբեջանը հինավուրց երկիր կհամարվի՝ ստրկական կախվածության մեջ դնելով հայերի եւ ոչ հայոց երկիրը։ Այդ նոր` իրական Հայաստանում հին կլինի նաեւ 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ուրեմն կառնչվենք նաեւ Ծիծեռնակաբերդի հին լինելուն։ (Տեսանք` ինչպես են վերանորոգում)։

Հայ դասականներն էլ հնացած կլինեն, այդ գրողների ստեղծած արժեքներն՝ էլ։ Ազգային մշակույթը պե՞տք է իրական Հայաստանին, Մատենադարանը, այնքան տուն-թանգարանները, գրադարանները, որ պահոց են դարձել միլիոնավոր գրքերի։ (Երեկ տեսա դասականների գրքերը` որպես թափոն, «մակուլատուրա»)։

Սպասե՞նք հոգեւոր արժեքների ոչնչացմանը, եկեղեցիների փակմանը, երբ քրիստոնեությունն էլ հին է, այն Հայաստանում 301թ.-ին է հաստատվել։ (Վերջերս տեսանք կուսակրոնության քողի տակ եկեղեցու դեմ պայքարը)։

Հիմա չենք զարմանա, թե Մաշտոցի նկարը ինչո՞ւ հեռացրին «Այբբենարանից», երբ մաշտոցյան գիրն էլ հին է։ Երեւի հնար ունենան, հայերեն գրից էլ կհրաժարվեն։

Գոնե հայրենապաշտ քաղաքական վերլուծաբանների, տարբեր գործիչների լսեինք, թե հերթական այս ողբերգության մասին ինչ կասեն:

Նատաշա Պողոսյան