Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երեք ամսով երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիների կալանքը: Նրանք Ադրբեջանի մայրաքաղաքում բերման էին ենթարկվել հունիսի վերջին:
Հուլիսի մեկին նույն դատարանը նրանց հանդեպ խափանման միջոց է ընտրել չորսամսյա կալանքը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մեղադրվում են «Իրանից թմրանյութերի տարանցման, շրջանառության և կիբերխարդախություն գործելու մեջ»:
Ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ խոսքը ռուսաստանցի ռելոկատների մասին է, ովքեր հայրենիքից հեռացել են ուկրաինական պատերազմի պատճառով և Բաքվում աշխատում էին հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ուշագրավ է, որ Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական դատարանը փոխել է «Սպուտնիկ Ազերբայջանի» տնօրեն Կարտավիխի և գլխավոր խմբագիր Բելոուսովի խափանման միջոցը:
Նրանք ենթարկվել են «տնային կալանքի»: Օրեր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել նախ Կարտավիխի, ապա և Բելոուսովի Մոսկվա տեղափոխվելու մասին:
Երևում է, Բաքվում թմրանյութերի շրջանառության և կիբերխարդախության մեջ մեղադրվող մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ճակատագիրը Վլադիմիր Պուտինին չի հուզում, քանի որ նրանք Կարտավիխի և Բելուսովի նման «հայրենասեր չեն, այլ՝ դավաճան, որ խուսափել են Ուկրաինայի դեմ պատերազմից»:
Բաց է մնում մի հարց՝ Ռուսաստանը կպահանջի՞ նրանց արտահանձնումը: Եվ եթե Վլադիմիր Պուտինը նման խնդիր հարուցի, ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիևը, «դասալիք-դավաճաններին» կհանձնի Ռուսաստանի արդարադատությա՞նը, թե՞ կդատի «ադրբեջանական կարգով»:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «էմոցիոնալ լարվածությունը», ինչպես Վլադիմիր Պուտինն է ձևակերպել, հիմնականում հաղթահարված է, բայց վերադարձ ռազմավարական գործընկերությանը, երևի, չի լինի: Ռուսաստանում տասնյակ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Հնարավոր է, որ տեղի ունենա լռելյայն փոխանակում:
Բայց Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիները կցանկանա՞ն վերադառնալ հայրենիք, եթե այնտեղ նրանց «դավաճանության» մեղադրանքով դատավարություն է սպասվում:






Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է ջրի երեսին մնալ ուկրաինական կարգավորումում
Որքանո՞վ Էրդողանն ընկալունակ կգտնվի ԱՄՆ նախագահի դիրքորոշման հանդեպ
Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»