Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի է ունենում Երևանում: Այս մասին հայտարարել է պատգամավոր Քամրան Բայրամովը՝ ելույթ ունենալով խորհրդարանական նիստում, հաղորդում է Musavat.com-ը:
Բայրամովի խոսքով՝ այցը չեղարկելու որոշումը «տրամաբանական քայլ» էր, ըստ նրա, ի պատասխան Եվրախորհրդարանի և հարակից կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ վերջին տարիներին նկատվող կողմնակալ դիրքորոշման»:
«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը սկզբում ստեղծվել է որպես Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների միջև երկխոսության հարթակ, որպես վստահության և համագործակցության ամրապնդման մեխանիզմ: Սակայն ժամանակի ընթացքում այս գաղափարը փոխարինվել է քաղաքական ճնշումներով և կողմնակալ բանաձևերով, որոնք շատ հեռու են հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքներից», – նշել է պատգամավորը:
Բայրամովը ընդգծել է, որ Եվրախորհրդարանը բազմիցս ընդունել է փաստաթղթեր, որոնք «խեղաթյուրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ փաստերը»:
«Եվրոպական խորհրդարանը բարձրաձայն հայտարարում է Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, բայց լիովին անտեսում է Հայաստանից բռնի կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքները: Բրյուսելը դեռևս չի ընդունել որևէ բանաձև այս հարցի վերաբերյալ», – նշել է խորհրդարանականը։
Պատգամավորի պնդմամբ, «չնայած նման սադրիչ քայլերին, վերջին ամիսներին Բաքուն և Երևանը ցուցաբերել են կայուն խաղաղություն հաստատելու ցանկություն: Մասնավորապես, Ադրբեջանը վերացրել է Հայաստանի համար իր տարածքով ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները: Բայրամովի խոսքով, սա հաստատում է Ադրբեջանի հավատարմությունը բարիդրացիության և կայուն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը ինտեգրման սկզբունքներին:
«Մինչ երկու երկրները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, որոշակի եվրոպական շրջանակներ փորձում են Հարավային Կովկասը վերադարձնել անցյալ՝ վերակենդանացնելով անվստահության և թշնամանքի հռետորաբանությունը», – նշել է պատգամավորը։
Նա նաև նշել է Եվրախորհրդարանի հոկտեմբերի 29-ի հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանաձևի, իր բնութագրմամբ, ապակառուցողական բնույթը:
«Խնդիրը կայանում է ոչ միայն այս բանաձևերի բովանդակության, այլև եվրոպական ինստիտուտների մտածելակերպի մեջ, որոնք վստահ են իրենց բարոյական գերազանցության մեջ: Եվրախորհրդարանը հեշտությամբ է դատողություններ անում Հարավային Կովկասում մարդու իրավունքների վերաբերյալ, բայց նախընտրում է լռել միգրանտների իրավունքների խախտումների, իսլամաֆոբիայի աճի և Եվրոպայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին», – ընդգծել է Բայրամովը։
Հատկանշական է, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հայ հանրությունը պետք է պատրաստ լինի Ադրբեջանից տարբեր պատվիրակություններ հյուրընկալելուն, և՝ հակառակը:
Անդրադառնալով գալիք տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ալիևի մասնակցության վերաբերյալ հարցին, նա նշել էր, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այցելել Հայաստան և ոչ մի անհարմարություն չզգան այդ առումով:







Բաց մի թողեք
Անի Զալինյանն ընտրվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր. Լուսանկար
Դավիթ Համբարձումյանը հեռանում է Մասիսի ավագանուց, բայց ոչ Մասիսից
Պարզվել են Տավուշի անտառային հատվածում ողբերգական ավտովթարից մահացած ամուսնու և վիրավոր կնոջ ինքնությունները