Այս երկու հոդվածները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի եւ մի շարք դեսպանների՝ Սյունիքի մարզ կատարած այցի մասին կարող էինք գրել-հրապարակել անցյալ շաբաթ, եթե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով այնքան շոուներ չկազմակերպեր, որ ողջ տեղեկատվական դաշտը միայն իրենով զբաղեցներ՝ այլ թեմայի համար տեղ չթողնելով։
Իսկ դեսպանները Սյունիք էին այցելել հոկտեմբերի 16-17-ին «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում, որը բազմամյա ծրագիր է, դրա հովանու ներքո իրականացվող սոցիալական աջակցության, կրթական, ենթակառուցվածքների բարելավման եւ նմանատիպ ծրագրերը տեւում են ամիսներ-տարիներ, այդքանով էլ շրջայցը որեւէ հրատապություն չուներ եւ դրա մասին գրում ենք հիմա։
Դա համայնքն է, որ չի դիմել… Դա մարզպետարանն է, որ չի արել
Նախ երկու բառով ինչ է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը։ Առաջինը, ինչ պետք է իմանալ՝ սա Եվրոպական Միության եւ գործընկերների կողմից, Հայաստանի Սյունիքի մարզում իրականացվող նախաձեռնություն է, որի բյուջեն 5 տարվա համար կազմում է 200 միլիոն եվրո՝ ապագայում ավելանալու հնարավորությամբ։ Այդ գումարից 65 միլիոն եվրոն դրամաշնորհներ են, 135 միլիոնը՝ վարկային միջոցներ։
Երկրորդ, «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության նպատակը ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելն է։ Նախաձեռնության հովանու ներքո իրականացվում են մի քանի տասնյակ կոնկրետ ծրագրեր, հիմնականում տնտեսության (փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում, աշխատողների որակավորման բարձրացում եւ այլն) սոցիալական աջակցության (կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ) եւ բնապահպանություն – կանաչ գյուղատնտեսության ոլորտներում։
Երրորդ՝ ներկա դրությամբ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունում ընդգրկված են ԵՄ-ն, EBRD-ն, European Investment Bank-ը, Շվեյցարիան եւ ԵՄ 11 երկրներ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա,։ Ամենայն հավանականությամբ կմիանա նաեւ Լատվիան, քանի որ Հայաստանում Լատվիայի դեսպանը տիկ․ Էդիթ Մեդնեն Թբիլիսիից հատուկ ժամանել էր շրջայցին մասնակցելու համար։ Վերջապես «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության աշխատանքները համակարգում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Պրն․ Մարագոսը շատ ակտիվ եւ յուրային է Հայաստանում․ նրան ճանաչում ու սիրում են երեւի ամենուր։ Պրն․ Մարագոսն էլ Հայաստանն է սիրում, նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ ասում է, թե Հայաստանում չկա մի բան, որ ինքը չի սիրում։
Հետեւաբար, ամենեւին զարմանալի չէր, որ Սյունիք շրջայցի ընթացքում բոլոր վայրերում ուր եղանք, (իսկ եղանք Բալաք, Շինուհայր գյուղերում եւ Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում) անկախ նրանից, թե կոնկրետ ծրագիրը որ երկրի օժանդակությամբ էր իրականացվել, ով էր ներդրում արել, որ դեսպանն էր խոսում, միեւնույն է բոլորի ուշադրությունը, ժպիտները, շնորհակալությունը, խոսքը ուղղված էին պրն․ Մարագոսին։
Առաջին վայրը, ուր գնացինք սահմանամերձ գյուղ էր լեռների եւ անտառների մեջ թաքնված, Սիսիան խոշորացված համայնքում, կոչվում է Բալաք։ Այս գյուղում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո Գերմանիայի Միջազգային զարգացման գործակալության՝ GIZ-ի կողմից իրականացվել է ծրագիր, որը վերաբերվում է կերարտադրության բարելավմանը, մշակաբույսերի տարածքների ընդլայնմանը, տեղական սերմերի կիրառմանը, եւ ինչը կարեւոր է՝ գյուղին պատկանող չմշակված վարելահողերի վերաակտիվացմանը։ Ակնհայտ հաջողություն արձանագրվել է, որովհետեւ ծրագիրը իրականացնող գյուղական կոոպերատիվը վերականգնել է 150-200 հա հողատարածք՝ արոտավայրեր, խոտհարքեր, վարելահողեր։ Դա թույլ է տալիս Բալաքի հողերը ուժասպառ չանել, նաեւ ավելի բարձրորակ կեր արտադրել։ Հանրագումարում, ինչպես ամփոփեց Գերմանիայի դեսպանը՝ տիկ․ Կլաուդիա Բուշը շահել են մարդիկ, շահել են կենդանիները, շահել է բնությունը։ Ի դեպ, դեպան Բուշը շատ հաջող խոսում էր հայերեն։ Այցի ընթացքում իմացա, որ տիկ․ Բուշի հետաքրքրությունը հայերենի հանդեպ սկսվել է Երուսաղեմում շինությունների վրա առաջին անգամ հայերեն տառեր տեսնելուց, որոնց գեղեցկությունն այնքան է իրեն գրավել, որ սկսել է հայերեն տառերը սովորել, հետո լեզուն, մշակույթը, պատմությունը, եւ հիմա Գերմանիայի դեսպանն է Հայաստանում։ Ու նաեւ խոսում է հայերեն։
Բալաք գյուղում իրականացվող ծրագրի շրջանակում նաեւ գյուղտեխնիկա եւ սարքավորումներ էին տրամադրվել գյուղին սերմնամաքրման եւ կերային գործարանի համար։ Բայց մի կարեւոր տեխնիկա այդ գյուղից բացակայում էր՝ կոմբայն։ Ավելի ճիշտ «անունը կա, ամանում չկա» տարբերակն էր, որովհետեւ կոմբայնը գյուղում կանգնած էր, բայց դա այնքան հին էր եւ ժանգապատ, որ անհնար է գոնե բավարար աշխատեր։ Բալաքի բնակիչները, դեսպանների ներկայությունից օգտվելով, կոմբայնի չլինելու մասին բարձրաձայնեցին։ Այլ կերպ չէր էլ լինի, որովհետեւ այդ գյուղի հիմնական մշակաբույսը հացահատիկն է, եւ չաշխատող կոմբայնը Բալաքի համար աղետի է հավասար։
Ծագում է հարց, մարզային իշխանությունը, Հայաստանի կառավարությունը ինչո՞ւ Բալաք գյուղին մի աշխատող կոմբայն չեն հատկացնում։ Որպեսզի հարցս չմնա հռետորական, տեղում խնդրով հետաքրքրվեցի։ Խոսեցի եւ բալաքցիների հետ, եւ միջոցառմանը ներկա մարզպետի տեղակալի հետ, ով երիտասարդ, ժպտադեմ, կին էր եւ բացատրեց, որ համայնքից պետք է գրավոր նախաձեռնություն լինի, որ մարզպետարանն էլ իր կողմից նպաստի, կառավարության առջեւ հարցը բարձացնի, տեխնիկա տրամադրվի։ Այդքանը Բալաքի բնակիչներին նույնպես ասվեց։ Ինքս էլ Բալաքի կոմբայնի խնդրի մասին հոդվածում գրում եմ, որպեսզի մարզում էլ, Հանրապետությունում էլ, կառավարությունում էլ տեղյակ լինեն։ Մեկ-երկու ամսից թեմային վերստին կանդրադառնանք՝ տեսնելու համար, թե Բալաքին կոմբայնի տրամադրման հարցն ուր հասավ։
ԽՍՀՄ-ը կառուցում է, ԵՄ-ն վերազինում, իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը
Ի տարբերություն Սիսիան խոշորացված համայնքի, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի գյուղական բնակավայրեր, հաճախ փոքրաթիվ բնակչությամբ, Սյունիքի Տաթեւ խոշորացված համայնքում միայն ութ գյուղական համայնք է ընդգրկված, սակայն դրանք մարզի խոշոր գյուղերն են, այդ թվում Շինուհայրը՝ 2800 հոգի բնակչությամբ։ ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնութան» հովանու ներքո Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), ԵՄ համաֆինանսավորմամբ, Տաթեւ համայնքում Շինուհայր եւ Հալիձորը բնակավայրերը ոռոգման ջրով ապահովող նոր համակարգի թողարկման ծրագիր է իրականացրել։ Դրա շրջանակում արդիականացվել եւ վերազինվել է խորհրդային ժամանակներում կառուցված Շինուհայրի ոռոգման համակարգը՝ տեղադրվել է նոր փականային հանգույց, անցկացվել է բարձր ճնշման խողովակաշար եւ այլն, որոնց արդյունքում այժմ ապահովվում շուրջ 50 հա տարածքի անխափան ոռոգում Շինուհայր եւ Հալիձոր համայնքներում։
Որքան հասկացա, կառուցումն իրականացվել էր արդյունավետ եւ կարճ ժամանակում՝ շնորհիվ ծրագրի անմիջական ղեկավար Յարոսլավ Զարիխտեի եւ տեղական «Գորեր» կապալառու կազմակերպության։ Նոր ոռոգման համակարգի բացման կապակցությամբ Թբիլիսիից ժամանել էր ADA-ի տարածաշրջանային տնօրենը՝ պրն․ Էրվին Քյունսին (Erwin Kunzi)։ Բնականաբար Շինուհայր էր նաեւ, Տաթեւի համայնքապետը՝ պրն․ Սամվել Լալայան։ Բացմանը արարողությանը, ADA-ին, ԵՄ-ին, «Թիմ Եվրոպային», դեսպան Մարագոսին, մյուս դեսպաններին շնորհակալություն հայտնվեց ոռոգման համակարգի արդիականացման, վերազինման համար, տեխնիկական ցուցանիշները ներկայացվեցին։ Իսկ ամենից հետաքրքիր տեղեկությունը վերջում էր․ ներկա դրությամբ համակարգը պատրաստ է ոռոգման ջուրը մղել Շինուհայրի եւ Հալիձորի տարածքներ, թե՞ կան պակասող տեխնիկական օղակներ՝ վերջնական ոռոգում ապահովելու համար։
Ինչպես եւ սպասելի էր կար պակասող օղակ՝ մղիչ պոմպը։ Խորհրդային ժամանակներում տեղադրված պոմպը ի զորու չէ այս նոր, ավելի բարձր տեղանքում կառուցված փականային հանգույցին ջուր մղել։ Հարկավոր է նոր պոմպ։ Այնքան էլ լավ չպատկերացրեցի՝ առհասարակ նոր պոմպ է հարկավոր տեղադրել, թե պոմպի ինչ-որ նոր հատված մոնտաժել, ավելացնել գոյություն ունեցողին, փոխարենը պարզեցի՝ դա ինչ կարժենա։ Խոսքը 30-40 միլիոն դրամ, այսինքն՝ հազիվ մի 100 հազար դոլար գումարի մասին է եւ ուղղակի անհարմար կլինի եթե Հայաստանը կառավարությունը այդ չնչին հատկացումը չկատարի։
Ի վերջո ի՞նչ է նշանակում Խորհրդային Միությունը ոռոգման համակարգ կառուցի, հիմա էլ Եվրոպական Միությունը դա վերազինի եւ արդիականացնի։ Իսկ ՀՀ իշխանություննե՞րն ինչով զբաղվեն… Կուզի ՀՀ վարչապետի աշխատակազմը, կուզի՝ «Հայաստանը ֆինանսական միջոցների խնդիր չունի» մեծախոսության հեղինակ, նախագահ Վահագն Խաչատրյանի աշխատակազմը թող Շինուհայր-Հալիձորի ոռոգման համակարգին անհրաժեշտ պոմպի խնդով զբաղվեն եւ լուծեն։ Ընդսմին թող բարեհաճեն արագ գործել․ Շինուհայրում բացման արարողությունից հետո Շվեդիայի դեսպանը՝ տիկ․ Եվա Սունդքվիստը մոտեցել էր Տաթեւի համայնքապետին եւ պոմպի անհրաժեշտությամբ, տեխնիկական տվյալներով էր հետաքրքրվում։ Այնպես չստացվի՝ պոմպի գնում-հատկացումն էլ ԵՄ երկրների կողմից արվի։
Ավելի հեռագնա ու կարեւոր խնդիրների մասին առայժմ նույնիսկ չխոսենք։ ԵՄ-ի եւ ADA-ի կառուցած փականային հանգույցից (որի մոտ կազմակերպված էր ոռոգման համակարգի բացման արաողությունը) երեւի մի 100-200 մետր հեռավորության վրա մեկ այլ, քարե պատերով տեխնիկական շինություն կար։ Հետաքրքրվեցի թե ինչ շինություն է․ պարզվեց խորհրդային ժամանակներում Շինուհայրում հողաթափերի արտադրության մեծ գործարան է եղել, 1500 աշխատակցով, դա էլ, որ տեսնում էի գործարանային կցակառույցներից մեկն էր՝ գյուղից դուրս բարձունքի վրա կառուցված, որ, կարծեմ ծխատարների համար էր ծառայել։
Գյուղատնտեսությունը չնսեմացնենք, բայց այն ինչ իրապես արժեք եւ նշանակություն կարող է ունենալ Սյունիքի համար արդյունաբերությունն է։ Հանքարդյունաբերությունից տարբեր արդյունաբերությունը՝ թեթեւ արդյունաբերություն, վերամշակող, կենցաղային տեխնիկայի, մեքենաշինության․․․ Էականը՝ արդյունաբերություն, գործարաններ, արտադրական ծավալներ։ Իսկ դա նվիրատվություններով, դրամաշնորհներով, արտաքին աջակցությամբ լուծվող հարց չէ։ Արդյունաբերության համար հարկավոր է պատասխանատու իշխանություն, զարգացման տեսլական, նպտակաուղղված աշխատանք, որակներ որ հազիվ թե սպասելի են օդային սրտիկներ նկարող անձից։








Բաց մի թողեք
Ի՞նչ նպատակ են հետապնդում ներքաղաքական «անդրկուլիսյան բեմադրությունները»
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության «Համակարգող խորհրդը» ՌԴ ԱԴԾ գործակալներ են
Որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, երեցֆեյքերի խմբեր