31/10/2025

Պարզվել են Տավուշի անտառային հատվածում ողբերգական ավտովթարից մահացած ամուսնու և վիրավոր կնոջ ինքնությունները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ «ՈՒԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, որը տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է:

Վերջիններս Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով՝ բախվել էին ծառին:

Մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, ունեին 4 անչափահաս երեխա:

Հոկտեմբերի 29-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈՒԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում, բախվել էր հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց: