31/10/2025

Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել

Հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է կարճ տեսանյութ եւ «Ինչպես խոստացել էի» հեշթեգի ներքո գրել․ «Տավուշի մարզի Արծվաբերդ-Չորաթան ճանապարհը հիմնանորոգված է»։  

Հոկտեմբերի 28-ին «Հրապարակը» հայտնել է, որ Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները դժգոհում են, որ Արծվաբերդով ձգվող ավտոճանապարհի նորոգումը ձգձգվում է, ինչի պատճառով իրենք դժվարություններ են կրում  «արտաքին աշխարհի»  հետ կապվելու հարցում։

Այդ ճանապարհի վերաբերյալ հարցում եմ կատարել  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որտեղից հոկտեմբերի 24-ին հայտնել են․ «Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 եւ կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցութային ընթացակարգին մասնակցել է 2 կազմակերպություն` «Էկո Բիլդինգ» ՍՊԸ եւ «ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊԸ կոնսորցիումը՝ 1 632 000 000 ՀՀ դրամ արժեքով, եւ «Քարավան-11» ՍՊԸ-ն՝ 1 710 000 000 ՀՀ դրամ արժեքով։ Համաձայն սահմանված կարգի՝ պայմանագիր է կնքվել «Էկո Բիլդինգ» ՍՊԸ եւ «ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊԸ կոնսորցիումի հետ։ Աշխատանքները մեկնարկել են սույն թվականի մայիսի 19-ին, իսկ ավարտը նախատեսված էր սեպտեմբերի 5-ին։

Կապալառուն աշխատանքները դեռեւս չի ավարտել, ինչի համար տրվել է աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ՝ մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 20-ը»։ Մնում է պարզել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դեռ չավարտված աշխատանքները, ավարտին չհասցված ծրագիրը ներկայացրել որպես ավարտված։ Նրան մոլորության մեջ են գցել ենթականե՞րը, թե՞ իրականությունն իմանալով՝ ինքն է մոլորեցրել իր էջի օգտատերերին եւ առհասարակ՝ հանրությանը։