ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է օտարման ոչ ենթակա մի շարք հողատարածքներ, որոնք, ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի, հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։
Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Բացի այդ՝ վերը նշված համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցը Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, որոնց մասնակցել են մի շարք անձինք, մինչդեռ իրականում աճուրդները սահմանված կարգով չեն կայացել, իսկ աճուրդային գործերում հաղթողից բացի՝ այլ մասնակցի անունով լրացված հայտերը չեն համապատասխանել իրականությանը, կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները, իսկ աճուրդային գործում որպես հաղթող չճանաչված «մասնակիցը» չի մասնակցել աճուրդին։
Վերը նշված հանցանքների համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (21 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49 մլն 178 հազար ՀՀ դրամը վերականգնվել է։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:







Բաց մի թողեք
15 անտառապահից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ
Գյումրիում ձերբակալել են Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրներին, նրանցից մեկը պետք է վերցներ ավագանու մանդատը