Ավելի քան մեկ ժամ տեւած քննչական գործողությունից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին, այնուհետեւ կալանավորեցին «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին:
Հրապարակ թերթը գրել է․ Քննիչը հայտնեց, որ նրանք մեղադրվում են խուլիգանության համար: Պատճառը փոդքաստի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Վերջինիս խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիմոնյանն իրավապահներին հաղորդում է ներկայացրել վիրավորական արտահայտությունների, սպառնալիքների մասով, որպեսզի տրվի իրավական գնահատական: Ապա Ալեն Սիմոնյանն ինքն էր այս մասին խոսել եւ պնդել. «Դիմել եմ իրավապահներին եւ լավ եմ արել»:
Ձերբակալության ժամանակ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել Սամսոնյանի բնակարան եւ մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջեւ այդպես էլ չբացվեց: Փոդքաստի մյուս հաղորդավարը՝ Վազգեն Սաղաթելյանը եւս Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն իր տուն են մտել: Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է հրապարակել Վազգեն Սաղաթելյանի տան բակից եւ գրել, որ իրեն թույլ չեն տալիս ներս մտնել: Ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Սաղաթելյանին եւս ձերբակալում են: Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Ստացվում է՝ անպաշտպան քաղաքացու երեսին թքելը խուլիգանություն չէ, բայց, այ, հեղինակային հաղորդաշարի ընթացքում հայհոյելը խուլիգանություն է: Իրավապահ համակարգ չէ սա, զավեշտ է: Այս աստիճան սուբյեկտիվ, այս աստիճան գործադիր իշխանությունից կախյալ դատաիրավական համակարգ Հայաստանն իր նորանկախ պատմության ընթացքում երբեք չէր տեսել: Բայց ամեն անգամ, երբ խոսքի համար մարդ են ձերբակալում, դատում, կալանավորում, հանրությունը թերեւս ամենից շատ տարակուսում է այն փաստից, որ բազմաթիվ փորձությունների, իբրեւ ազատ խոսքի համար հալածված Փաշինյանն է այլախոհների դեմ այսպես պայքարում: Եթե, օրինակ, այսպես վարվեին նախկին նախագահները, կարելի էր դեռ ինչ-որ կերպ հասկանալ, բայց անգամ բռնապետի համբավ ձեռք բերած Ռ. Քոչարյանն այսպիսի հալածանքների չի ենթարկել քաղաքական այլախոհներին, ինչպես վարվում է ժողովրդավարության շղարշի տակ թաքնված Փաշինյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանին, որը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ նախադեպ է, երբ հայհոյանքը համարում են խուլիգանություն եւ մարդկանց կալանավորում: Երբ Փաշինյանին տարիներ առաջ դատում էին, նա հայտարարում էր, որ ճնշում են գործադրում իր նկատմամբ, փորձում են իր խոսքը լռեցնել: Այդ դեպքում ի՞նչ է անում նա այսօր քաղաքական այլախոհների հետ: Աթանեսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, նկատեց.
«Դժվար հարց է, որովհետեւ զուտ խոսքի համար, եթե չի եղել զրպարտություն, վիրավորանք, այսպես ասած` եթե արարքը խուլիգանական էլեմենտներ չէր ունենում, չեմ հիշում, որ առաջներում նման դեպքերում մարդկանց լուրջ հետապնդեին: Ասել, թե լրագրողներին երբեւէ չեն հետապնդել, չեմ կարող, ոչ՝ եղել են դեպքեր, բայց շատ կարեւոր է ֆիքսել. երկրում ընդհանուր մթնոլորտն այսօր ուրիշ է: Մինչեւ 2018 թվականը` Նիկոլի իշխանության գալը, ընդունված չէր հայհոյելը, գուցե ինչ-որ քննադատություններ հնչեին, սուր խոսքեր եւ այլն, սակայն ուղիղ հայհոյանքն ընդունված չէր: Նրանք, ովքեր անցնում էին որոշակի սահմաններ, պատժվում էին, սակայն այսօրվա Հայաստանում, երբ իշխանությունների ձեռամբ հայհոյանքն ու վարկաբեկումը դարձել են սովորական երեւույթներ, դժվար է համեմատություններ անելը»:
Ինչո՞ւ է վարչապետը ԱԱԾ-ն դարձրել իր քաղաքական հակառակորդներին պատժելու, բերման ենթարկելու գործիք, ի վերջո՝ այդ կառույցի գործառույթը շատ ավելի լուրջ է։ «Ես չգիտեմ, հիմա կարելի՞ է ասել՝ լուրջ է, թե ոչ, ինչու, որովհետեւ, դատելով նրանից, թե թուրքական հետախուզությունն ինչպես է աշխատում Հայաստանում, կարող ենք արձանագրել, որ այն այնքան էլ լուրջ կառույց չէ: Սեփական քաղաքացիներին վախեցնելն այդ կառույցին չի դարձնում լուրջ: Ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա ո՞վ է առաջինը վիրավորել. Ալեն Սիմոնյանը, իսկ նրանք հակադարձել են Սիմոնյանին: Ստացվում է, որ Հայաստանում ձեւավորվել են բռնապետական կարգեր, ով ում ուզում, ինչքան ուզում, ձերբակալում է, կալանավորում է, բայց վարչապետը, ԱԺ նախագահն իրավունք չունեն ինչ-որ մեկին բերման ենթարկելու հրաման տալու: Նրանք թագավոր չեն, ի վերջո: Այս ամբողջ պրոցեսն ինքնին ապօրինի է»:
Ի՞նչ ասել է խուլիգանություն, ի՞նչ հանցակազմ է պարունակում Քրեական օրենսգրքի այս հոդվածը։ «Խուլիգանությունը հասարակական կարգի տապալում է: Օրինակ` երբ գիշերային ժամերին ինչ-որ մեկը բարձր հայհոյում է՝ խանգարելով տարբեր անձանց, երեխաների, տարեցների եւ, առհասարակ, ցանկացած տարիքի եւ սեռի անձանց հանգիստը: Ֆեյսբուքում, Յութուբում խուլիգանությամբ զբաղվելը ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է: Ո՞ւմ երեխան չի կարողացել քնել այդ հաղորդման պատճառով, կամ ո՞վ է արթնացել քնից դրա պատճառով: Համացանցն այնպիսի երեւույթ է, որ եթե չես ուզում, չես օգտվում դրանից, այստեղ խուլիգանության մասին չի կարող խոսք լինել: 15 տարի է՝ վիրավորանքն ապաքրեականացվել է, օրինակ` չի կարելի վիրավորել դատավորին։ Այսպիսի առանձին դեպքեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, հայհոյանքում չկա հանցակազմ»:






Բաց մի թողեք
Նախընտրական ներկայացումների թատերաշրջանը հայտարարվում է բացված
Մերժել բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում
Հող են նախապատրաստում դիտորդների աշխատանքը կասեցնելու ուղղությամբ․ Գոհար Մելոյան