19/11/2025

Թրամփի «մարտակառքի անիվներին ռուսական մահակը» գործի կդրվի նաև Հարավային Կովկասո՞ւմ

Գազայի կարգավորման ամերիկյան ծրագիրը, որ պետք է հաստատվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, «վտանգի տակ է»: Նախապես տեղեկություն է տարածվել, որ փաստաթուղթը քվեարկության է դրվելու նոյեմբերի 14 –ին կամ ամենաուշը 17-ին:

Նոյեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ այլընտրնքային բանաձևի նախագիծ, որին աջակցում է նաև Չինաստանը:

Փորձագետները տպավորություն ունեն, որ Ռուսաստանն այդ քայլով իրեն ապահովագրում է ամերիկյան նախագծի դեմ «վետո» կիրառելու որոշումից, բայց «բուն նպատակը Դոնալդ Թրամփի ծրագրի տապալումն է, որին Մոսկվան ձգտում է հասնել Անվտանգության խորհրդում քվեարկությունը տապալելու միջոցով»:

Նախօրեին արաբական ութ երկրներ համատեղ հայտարարությամբ ամերիկյան նախագծին միանշանակ աջակցություն են հայտնել:

Ynet-ի քաղաքական մեկնաբանը համեմատել է Գազայի կարգավորման ամերիկյան և ռուսաստանյան նախագծերը և առանձնացրել երկու էական տարբերություն: Վաշինգտոնի ծրագրով հետկոնֆլիկտային Գազայի կառավարման համար սահմանվում է անցումային շրջան, որի ընթացքում քաղաքացիական իշխանություն պետք է իրականացնի «Խաղաղության խորհուրդ» անվանումով մարմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական նախագահությամբ: Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագծում կառավարման նման մարմին չի նախատեսվում:

Երկրորդ սկզբունքային տարբերությունը վերաբերում է Պաղեստինի պետությանը: Ամերիկյան նախագծում Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ունենալու իրավունքը թեև ճանաչվում է, բայց գործնական իրացումը կապվում է ներկայիս ինքնավարության մարմինների կողմից «բարեփոխումների ստանձնած պարտավորությունների կատարման հետ»:

Պաղեստինի պետության հռչակման հարցում ԱՄՆ-ից տարբերվող տեսակետ ունի նաև Ֆրանսիան:

Աղբյուրները ynet-ին ասել են, որ, չնայած առկա դժվարություններին, Միացյալ Նահանգները «շարունակում է դիվանագիտական ակտիվ գործունեությունը, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայների մեծամասնություն ապահովի»: Ռուսաստանի այլընտրանքային բանաձեւն, ինչ խոսք, ունի աշխարհաքաղաքական նշանակություն:

Եթե Գազայում հաստատվի կայունություն, կայանա իսրայելա-արաբական համաձայնություն, ապա Մերձավոր Արևելքում կհաստատվի «ամերիկյան արտաքին կառավարում»՝ Թուրքիայի և Իսրայելի ու Պարսից ծոցի միապետությունների մասնակցությամբ:

Այդ հարցում ռուս-ամերիկյան մրցակցության բացահայտումը թույլ է տալիս ենթադրել, որ բարդ է նաև Հարավային Կովկասում կայունության և համագործակցության գործընթացը: Ճիշտ է, TRIPP և մյուս նախագծերը ՄԱԿ-ի ԱԽ հաստատմանը ներկայացնելու խնդիր չկա, բայց չպետք է անուշադրության մատնել Ռուսաստանի գործոնը:

Մանավանդ որ Մոսկվայում «պատրաստակամ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարթակ տրամադրել», բայց միաժամանակ պնդում են, որ մինչ այդ «դեռևս շատ անելիքներ կան»:

Թրամփի «մարտակառքի անիվներին ռուսական մահակը» գործի կդրվի նաև Հարավային Կովկասո՞ւմ: Իսկ ի՞նչ կհետևի, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն, այնուամենայնիվ, քվեարկությամբ «փշրի Պուտինի մահակը»: