Վաղարշապատի ընտրատեղամասերը փակվել են, և մինչ արդյունքները կհրապարակվեն, կարևոր է մի դիտարկում, որը դուրս է միայն այս ընտրության համատեքստից։
Այս ընտրարշավի վերջին օրը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանն առանձնացել է մի հայտարարությամբ, որը բացահայտում է իշխանության մտածողության տրամաբանությունը։
«Ազատությանը» տված հարցազրույցում նա վստահեցրել էր, թե Վաղարշապատում ՔՊ-ի համար չի կրկնվի Փարաքարի «ձախողված մոդելը», որովհետև այնտեղ ընդդիմադիր դաշտում հանդես էին եկել «ոչ քոչարյանական» ուժեր։
Սա, ըստ էության, բացահայտ խոստովանություն է, որ իշխանությունն իր հաջողությունը պայմանավորում է ոչ թե ծրագրային մրցակցությամբ, արդյունավետ կառավարմամբ կամ հանրային վստահությամբ, այլ՝ «ներկա–նախկին» արհեստական հակադրության շարունակական և գռեհիկ շահագործմամբ։
Խուդաթյանի խոսքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ՔՊ-ն արդեն երկար ժամանակ քաղաքական պայքարը փոխարինել է հակառակորդների դեմոնիզացիայով։
Եվ եթե իշխանությունը կարողանում է հաղթել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտում չկան «խիստ վտանգավոր» մրցակիցներ, ապա դա ոչ թե ուժի, այլ քաղաքական ամայացման և սպառվածության նշան է։
Միաժամանակ, Վաղարշապատի ընտրական մթնոլորտը ցույց է տալիս, որ հասարակության ներսում տեղի է ունենում կարեւոր տեղաշարժ․
● մարդիկ հոգնել են էմոցիոնալ շանտաժից,
● «նախկինների» անվերջ թիրախավորումն այլևս չի աշխատում,
● հանրությունը ակնկալում է բովանդակային քաղաքականություն, ոչ թե հնացած քարոզչական հնարքներ։
Եթե իմ եզրահանգումները ճիշտ են, առաջիկա ժամերին կլսենք Վաղարշապատում ՔՊ պարտության մասին, որն արդեն օրինաչափություն է դառնում՝ Գյումրիից ու Փարաքարից հետո:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Ընտրություն՝ առանց Նիկոլ ու առանց այս ընդդիմության
Հակաեկեղեցական գործողությունների հիմնավորման փորձ է․ Եսայի քահանա Արթենյան
Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ