19/11/2025

Պետությունը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։

Եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այս գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում: Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում: Հետևաբար, պրոցեսը դեռ ունի շարունակություն, նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան, բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ:

Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Մեսրոպյանը հավելել է, որ ՀԾԿՀ-ն փորձել է առավելագույնս ապահովել բոլոր կողմերի լսելի լինելը նիստի ընթացքում:

Նրա խոսքով՝ 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարց է հնչեցվել, տրվել են պատասխաններ, որոնք կողմերից յուրաքանչյուրի համար գուցե այնքան էլ հաճելի չեն եղել: