19/11/2025

Մերձավոր Արևելքը կարող է ռուս-ամերիկյան երկխոսության «պահուստային հարթակ» լինել

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հեռախոսազրույցը: Այդ առթիվ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունը չի մասնավորեցնում, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը:

Ընդ որում, տեքստը, որ փոխանցել է ՏԱՍՍ-ը, կազմված է մեկ նախադասությունից: Ըստ այդմ, կողմերի միջև տեղի է ունեցել Մերձավորարևելյան տարածաշրջանում, ներառյալ կրակի դադարեցման և պահող անձանց մասին համաձայնությունների իրացման համատեքստում Գազայի հատվածում իրավիճակի զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտքերի հանգամանալի փոխանակում, քննարկվել են Սիրիայում հետագա կայունացմանն աջակցության հարցերը»:

Ինչպես տեսնում ենք, Պուտինը և Նաթանյահուն քննարկել են հարցերի բավական լայն շրջանակ, ինչը վկայում է, որ Իսրայելը ձգտում է Ռուսաստանին ներգրավել մերձավորարևելյան կարգավորմանը:

Ավելի վաղ նկատել ենք տվել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մոսկվան Վաշինգտոնի ծրագրին այլընտրանք-բանաձևի նախագիծ է ներկայացրել, և Թրամփ-Պուտին դիվանագիտական «մրցամարտը» կարող է ձախողել Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովի» պայմանավորվածությունները, որի երաշխավոր են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան:

Բայց կոնկրետ իրավիճակում, կարծես, ավելի հրատապ է այն, որ Պուտինը և Նաթանյահուն քննարկել են «Սիրիայում հետագա կայունացմանն աջակցության հարցը»: Միջազգային փորձագիտական շրջանակներում կայուն կարծիք կա, որ Իսրայելը ձգտում է նրան, որ Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանները պահպանվեն:

Վերջին մեկ ամսում այս խնդիրը երկու անգամ քննարկվել է Մոսկվայի և Դամասկոսի միջև: Երևում է, առայժմ համաձայնություն չի կայացել:

Խիստ ուշագրավ է, որ Պուտին –Նաթանյահու հեռախոսազրույցից ժամեր հետո Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ իսրայելական զինված ուժերը Սիրիայից չեն հեռանա: Ասադի վարչախմբի տապալումից հետո իսրայելական զինված ուժերը գրավել են Գոլանի բարձունքների Հերմոն լեռնազանգվածը և Սիրիայի հարավում ստեղծել «բուֆերային գոտի»:

Որոշ տեղեկություններով, իսրայելական ուժերը հարավում գտնվում են Դամասկոսից ընդամենը քսանահինգ կիլոմետր հեռավորության վրա և խոչընդոտում են Թուրքիային, որ այդ տեղաշրջանում ՀՕՊ և հակահրթիռային միջոցներ տեղաբաշխելու ծրագիր ունի:

Այս ֆոնին Սիրիայում «հետագա կայունացմանն» ռուս-իսրայելական աջակցությունը ենթադրո՞ւմ է մոտեցումների և առարկայական քայլերի առնվազն կոորդինացում: Կրեմլի պաշտոնական հաղորդագրության տոնայնությունից դատելով՝ այո:

Եվ հատկանշական է, որ այդ մասին կողմերը հայտարարում են նախ Թուրքիայի արտգործնախարարի, ապա Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ ալ-Շարաայի Վաշինգտոն այցից հետո:

Նաթանյահուն առկա իրավիճակում հազիվ թե կարող է կտրուկ հակադրվել Դոնալդ Թրամփին: Ավելի շուտ տպավորություն է, որ Մերձավոր Արևելքը կարող է ռուս-ամերիկյան երկխոսության «պահուստային հարթակ» լինել: