Հիմա արդեն անզեն աչքով էլ է պարզ, որ Հայաստանում օր-օրի թափ հավաքող նախընտրական քարոզարշավը սխալ հունով է ընթանում: Եվ այդ սխալ հունը ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության քարոզարշավին է վերաբերում:
Նաեւ նրա քարոզարշավին, որովհետեւ, եթե օրվա իշխանությունն այս ընտրություններին ուզում է «պատերազմ, թե խաղաղություն» կոնցեպտը փաթաթել հասարակության վզին, ապա ընդդիմությունն էլ իր հերթին ուզում է այդ ընտրություններն Արցախի ու արցախցու, Սյունիքի ու սյունեցու, Թալինի ու թալինցու, Վարդենիսի ու վարդենիսցու, Տավուշի ու տավուշցու, Գյումրու ու գյումրեցու, Վանաձորի ու վանաձորցու, Վաղարշապատի ու վաղարշապատցու մասին ընտրություն դարձնել:
Այնինչ, գալիք ընտրությունները որքան որ պատերազմի ու խաղաղության միջեւ չընտրելու, այդքան էլ Արցախի ու արցախցու, Սյունիքի ու սյունեցու, Թալինի ու թալինցու․․․ մասին չեն: Այդ ընտրությունները այդ բոլորին միացրած ու այդ բոլորով՝ Հայաստանի մասին են:
Այս ընդդիմությունը պետք է գիտակցի նաեւ, որքան այս իշխանությունը պետք է հասկանա, որ այս ընտրությունները ոչ թե Մոսկվայից ու Վաշինգտոնից Վաշինգտոնին ընտրելու եւ Մոսկվային չընտրելու, այդքան էլ ո՛չ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ ընտրելու եւ ո՛չ էլ դրանում Վաշինգտոնին չընտրելու եւ Մոսկվային ընտրելու մասին չեն:
Այս ընտրությունները Հայաստանն ընտրելու, ավելի ճիշտ՝ Հայաստանին ընտրելու մասին են:
Եվ այս իմաստով, նա՝ այսօրվա ընդդիմությունը, որը նաեւ այս երկրի անցած 20-25 տարվա իշխանությունն է եղել, պետք է իմանա, որ այնքան, ինչքան իրեն չեն ներվում երկրում իշխանություն ունենալու իր 20-25 տարիները, դրանից մի քանի անգամ ավել, չի ներվի, եթե նա այս ընտրություններն Արցախի ու արցախցու, Սյունիքի ու սյունեցու, Թալինի ու թալինցու, Գյումրու ու գյումրեցու, Վանաձորի ու վանաձորցու, Իջեւանի ու իջեւանցու միջեւ ընտրություն դարձնելով հանդերձ, նաեւ Մոսկվայի ու Վաշինգտոնի, Բրյուսելի ու Պեկինի միջեւ ընտրության վերածի:
Այս ընդդիմությունը պետք է գիտակցի, որ այս ընտրություններն Արեւմուտքի ու Արեւելքի, Հյուսիսի ու Հարավի միջեւ ընտրություն դարձնելով, դրանց Նիկոլին քիչ հայհոյելու կամ շատ հայհոյելու տրամաբանությամբ մասնակցելով չէ, որ ինքը կհաղթի:
Իր իշխանավարման ժամանակ երկրի անկախության 20-25 տարիներն անգործության վրա ծախսած այս ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս երկրի ընտրությունն այսօր ոչ թե Նիկոլի ու իրենց, այլ առանց Նիկոլի ու առանց իրենց եւ Նիկոլով ու իրենցով Հայաստանների միջեւ է:
Պետք է հասկանա, որ այս երկրի այսօրվա խնդիրն այլեւս ոչ թե իրենցից մեկին ընտրելը եւ մյուսին չընտրելը, այլ այն գործիչներին, այն թիմին գտնելն ու նրանց իշխանության բերելն է, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է բանակն ավելի մարտունակ դարձնեն, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է տնտեսության արդյունաբերականացման եւ արդիականացման խնդիրները լուծեն, ովքեր գիտեն, թե ինչպես պիտի երկրի դեմոգրաֆիական խնդիրների լուծման ամենաօպտիմալ լուծումները գտնեն, եւ, վերջապես, ովքեր գիտեն, թե Թուրքիայի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ ինչպես պիտի բանակցեն ու ինչի մասին պիտի խոսեն:
Պետք է հասկանան, որ իրերի ու հանգամանքների այսպիսի դասավորության պայմաններում, ինչքան իշխանությունների, այնքան էլ իրենց համար պարտադիրը ոչ թե ամեն գնով այս երկրի ապագայում իրենց տեղը գտնելն է, այլ հեռանալն ու այս երկրին հանգիստ թողնելը:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ






Բաց մի թողեք
Հակաեկեղեցական գործողությունների հիմնավորման փորձ է․ Եսայի քահանա Արթենյան
Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ
Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը