Վաղարշապատի արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը ցնծության մեջ է, կեսգիշերն անց՝ մի կերպ կորզված հաղթանակի մասին իմանալուց հետո, հոգեւոր մայրաքաղաքի փողոցներում դհոլ-զուռնա էր հնչում, երեկ էլ այդ քեֆ-ուրախությունը տեղափոխվել էր Ֆեյսբուք: Փաշինյանի թամադայությամբ, թիմը առավոտ կանուխ գործի էր անցել:
Հրապարակ թերթը գրել է․ «Ուռա, դե կերեք, ջախջախիչ հաղթանակ ենք տարել» ոճում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «վերլուծում-արձանագրում էին» կատարվածը՝ եզրահանգելով, թե ժողովուրդը զորավոր է, ժողովուրդը մերժում, ջախջախում է նախկին թալանչի կլաններին, այդ թվում ընդգծելով բարերար Սամվել Կարապետյանի ՝ մերձեւովականներին, որոնք չէին մասնակցում Վաղարշապատի ընտրություններին։
Մինչդեռ իրականում ՔՊ-ականները հոգու խորքում հասկանում են, որ հրճվելու մեծ առիթներ չունեն: Նախ, որովհետեւ ընդդիմության միայն մի մասն էր մասնակցել այդ ընտրություններին, իսկ Կարապետյանի թիմակիցների մասնակցությունը կարող էր բոլորովին այլ վիճակ ստեղծել, եւ ընդհանրապես՝ խոշոր հաշվով, ՔՊ-ին ձայն է տվել 15 հազար 298 ընտրող, հավաքական ռադիկալ ընդդիմությանը՝ 13 հազար 835, որի տարբերությունն ընդամենը մոտ 1500 է։
Ուստի իշխող թիմում մեզնից լավ գիտեն, որ Վաղարշապատը 2026 թվականի համապետական ընտրությունների նախերգանքը չէ, ինչպես իրենք եւ իրենց առաջնորդն են ներկայացնում, քանի որ, եթե այստեղ նախընտրական հնարքներով եւ մանիպուլյացիաներով կարողացան ձայներ կորզել՝ չհաշված վարչական ռեսուրսի կիրառումը, ապա համապետականին, ուզեն-չուզեն, սեփական դեմքով են մասնակցելու, եւ տեղի է ունենալու քաղաքական ընտրություն՝ Արցախը հանձնածների եւ չհանձնածների միջեւ, իսկ ամիսներ առաջ Գյումրիում նման ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ է լինում ՔՊ-ի հետ։
Ինչ տեղի ունեցավ Վաղարշապատում
ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12 տոկոսը կամ 31 հազար 527 ընտրող։ Ընտրություններին մասնակցում էր 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ «Առաջ» եւ ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:
Նախնական արդյունքներով, համայնքի ավագանի է անցել երեք ուժ․ ՔՊ-ն՝ մոտ 15 հազար ձայնով, «Հաղթանակ» դաշինքը՝ մոտ 10 հազարով, եւ «Մայր Հայաստանը»՝ 1700 քվեով։ Թվում էր, թե մասնակցության առումով Վաղարշապատը գրեթե չի զիջում Գյումրուն կամ ընդամենը երկու տոկոսով է զիջում, եւ իշխանությունը պետք է նույն ճակատագրին արժանանար, ինչ Գյումրիում, սակայն քաղգործիչների, ընտրական մասնագետների եւ իշխող թիմում վերլուծությունների հանրագումարը եթե ի մի բերենք, ապա Վաղարշապատում ՔՊ-ի նոմինալ հաղթանակին մի քանի գործոն է նպաստել։
Նախ՝ ՔՊ-ում էլ գիտեն, որ Արմավիրը, ի տարբերություն Շիրակի, ամենաիշխանական մարզն է, վերջին ութ տարիներին ՔՊ-ն այստեղ միշտ բարձր թվեր է ունեցել, կամ, ինչպես իրենք են կատակում` սա Հայաստանի զոմբիլենդն է, իսկ դրանում իր ավանդն ունեցել են տեղի կարկառուն ՔՊ-ականները` նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը, որը ներկայում ՏԿԵ նախարարն է, եւ Արգիշտի Մեխակյանի ընտրական շտաբի պատասխանատուն, թե ինքը՝ թեկնածու Մեխակյանը, որի նկատմամբ մարդիկ դրական են տրամադրված՝ հաշվի առնելով նաեւ հերոս հոր անցած ուղին, իսկ Մեխակ Մեխակյանն Արցախն ազատագրողներից է եղել, Ջեբրայիլն էլ նրա պատվին Մեխակավան են վերանվանել:
Իհարկե, ՔՊ-ի ճամբարում հայտնվելուց եւ վերջին իրադարձություններից հետո շատերն են երես թեքել Մեխակյանից, բայց գյուղերում մարդկային ուրիշ փոխհարաբերություններ են, նրանց ոչ այնքան քաղաքական շահերն են հետաքրքրում, որքան մարդկային կապերը։ Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ Փաշինյանն ամիսներ առաջ նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին խաղից հանեց, ապա Էջմիածինը կրկին խոշորացրեց՝ նրան միացնելով Խոյ համայնքը՝ իր 16 գյուղերով, Մեխակյանն էլ տարիներ շարունակ Խոյի համայնքապետն է եղել, եւ գյուղերում ինքն է վարչական ղեկավարներ նշանակել, որոնք էլ այս ընտրություններին «վիզ են դրել» իր հաղթանակի համար` ժողովրդին համոզել են, որ իրենք կապ չունեն ո՛չ Փաշինյանի, ո՛չ ՔՊ-ի հետ, իրենք իրենց տղուն են ձայն տալիս, որը լավ գործեր է արել ու դեռ կանի իրենց համար։ Ասվածի ապացույցն էլ այն է, որ Մեխակյանն իր ձայների առյուծի բաժինը տարել է գյուղերից, իսկ բուն Էջմիածնում պարտվել է Սեւակ Խաչատրյանին՝ հավաքելով մոտ 6 հազար 800 ձայն՝ գլխավոր մրցակցից 2 հարյուրով պակաս։
Ակնհայտ է, որ ՔՊ-ն նաեւ «դասեր» էր քաղել Գյումրու ընտրություններից եւ փորձեց ընտրարշավի ժամանակ ամեն բան անել, որ Մեխակյանը տարանջատվի ՔՊ-ից, պատահական չէ, որ նրա քարոզչական պաստառներից բացակայում էր կուսակցության անվանումը, նշված էին միայն քվեաթերթիկում նրա թիվը, անուն-ազգանունը, իսկ ՔՊ ձեռքսեղմման լոգոն փոքրիկ նշումով էր։
Ի տարբերություն Գյումրու, Նիկոլ Փաշինյանը չգնաց Էջմիածին, բորբոքված ու ինքնամոռաց ելույթ չունեցավ «ռենջռովերներն» ու «բրաբուսները» հատիկ-հատիկ հետ բերելու մասին, չսրեց ընտրարշավը քաղաքական ելույթով՝ թողնելով, որ Մեխակյանի գործոնն առաջ մղվի։ Մյուս կողմից՝ ընդդիմությունն էլ լուրջ չվերաբերվեց Վաղարշապատի ընտրություններին, հատուկենտ ուժերից բացի, մյուսներն անգամ քարոզարշավ չէին անում՝ իմանալով Արգիշտի Մեխակյանի՝ գյուղերում ունեցած քվեների մասին։ Ոմանք էլ ընդամենը օլիմպիական մասնակցություն ապահովեցին՝ ակամայից նպաստելով ՔՊ հաղթանակին։ Եվ առնվազն 2 կեղծ ուժ իշխանությունը մտցրեց խաղի մեջ, որոնք ձայներ փոշիացրին, եւ հենց փոշիացած ձայների շնորհիվ էլ 48 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն, Դոնթի բանաձեւի հաշվարկով, մոտ 58 տոկոս ստացավ` ավագանիում ունենալով 19 մանդատ: Ընդդիմադիրները միասին կունենան 14 մանդատ․ 12-ը՝ «Հաղթանակ» դաշինքը, 2-ը՝ «Մայր Հայաստանը»։
Ինչեւէ, իշխանական շրջանակներում լավ են հասկանում, որ 2026 թվականի ընտրություններն այլ տրամաբանության մեջ են լինելու, մանավանդ՝ եթե դրանց մասնակցի նաեւ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը։ Իսկ այսօր ցնծում են, որ հոգեբանական տեռոր գործադրեն եւ իրենց հեռանալը երազող մարդկանց հուսահատեցնեն` հետ պահելով առաջիկա ընտրություններին մասնակցելուց, որովհետեւ ցածր մասնակցության դեպքում շահում է իշխանությունը։ Ի դեպ, 2021-ի համապետական ընտրություններին ՔՊ-ն այս համայնքներում 18 հազարից ավելի ձայն է հավաքել, այժմ՝ ավելի քան 3 հազարով պակաս։






Բաց մի թողեք
ՔՊ-ն հասկացավ, որ 2026-ին էլ վարչական ռեսուրս օգտագործելով կարող է հաղթել
Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը
«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը