Ադրբեջանը միացել է Կենտրոնական Ասիայի «Խորհրդատվական խորհրդի» ձևաչափին: Մինչ այդ Իլհամ Ալիևն այդ քննարկումներին երկու անգամ մասնակցել է «պատվավոր հյուրի» կարգավիճակով:
Բաքվի պաշտոնական քարոզչությունն, իհարկե, Տաշքենդում ընդունված այդ որոշումը ներկայացնում է որպես «դիվանագիտական հերթական հաղթանակ»:
Բայց իրականությունը գնահատելու «բանալին» հենց հանդիսավոր արարողության ժամանակ տվել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևեը: Նրա ձևակերպմամբ, դրվում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ինտեգրացիայի հիմքը:
Ըստ Ուզբեկստանի նախագահի, խոսքը երկու տարածաշրջանների համատեղ զարգացման և ընդհանուր աշխարհա-տնտեսական ու անվտանգային տարածքի ձևավորման մասին է:
Հեռանկարն այնքան ակնառու է ծրագրավորված, որ Բաքվի «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն խոստովանել է, որ Կենտրոնական Ասիայի «հինգ երկրներից չորսն են Թուրքական պետությունների կազմակերպության անդամ»:
Ընդ որում, Թուրքմենստանը շարունակում է ԹՊԿ-ում մնալ դիտորդ: Ադրբեջանցի փորձագետը փաստացի հրապարակայնացրել է, որ չնայած Էրդողանի կողմից առնվազն երեք անգամ կազմակերպված «արքայական» ընդունելությանը, Տաջիկստանի նախագահ Ռահմոնը գայթակղության չի տրվել և հրաժարվել է «թուրքական աշխարհին» մաս կազմել:
Կենտրոնական Ասիայում, ըստ էության, դրվել է քաղաքակրթական, էթնիկ-մշակութային հաշտության հիմքը, թուրքախոս չորս պետությունների և իրանական ինքնության Տաջիկստանի միջև սկզբնավորվել է հաշտության և համակեցության պատմական գործընթաց: Դա կարո՞ղ է Հարավային Կովկասի համար նախադեպային լինել:
Հնարավո՞ր է հասնել թուրքական, հայկական և վրացական ինքնությունների մի «մոդուս վիվենդիի», երբ պատմական, էթնիկ-մշակութային հիշողությունների ծանր բեռը հաղթահարվի տնտեսական, առևտրային, կոմունիկացիոն և այլ բնագավառներում առարկայական համագործակցությամբ:
Կենտրոնական Ասիայում «քաղաքակրթական հաշտությունը» ձևավորվում է Եվրամիության և Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ: Խորքային առում, հավանաբար, դա «Մեծ Թուրանի» թուրքական նախագիծը հակակշռելու և վերջնարդյունքում չեզոքացնելու աշխարհաքաղաքական նկատակ է հետապնդում:
Բայց պետք է ընդունել, որ Կենտրոնական Ասիայի երկրները մեկ ընդհանրություն, այնուամենայնիվ, ունեն, բոլորն իսլամադավան են: Հարավային Կովկասի երեք երկրներից մեկն իսլամադավան է, երկուսը՝ քրիստոնյա:
Կենտրոնական Ասիայում նախաբնիկության-եկվորության սուր բանավեճ գոնե առերևույթ չկա: Հարավային Կովկասում դա ամենածանր, բարդ և սկզբունքային տարաձայնությունն է: Տաջիկստանն, այո, կարողացավ «տրոհել» թուրքական աշխարհը: Իսկ քաղաքկրթական, էթնիկ-մշակության համերաշխության գործընթացը հաջողությամբ կպսակվի՞:
Այդ փորձը Հարավային Կովկասում կիրառելի կլինի՞: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը գնահատում են որպես ինքնուրույն տարածաշրջա՞ն, թե՞ Կենտրոնական Ասիայի հետ իրենց կապի «կամու՞րջ»:
Դեռ մի կողմ թողած այն, որ Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր ամեն ինչ անելու են, որպեսզի Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս հիպերտարածաշրջան չկայանա:






Բաց մի թողեք
Եթե եվրոպամետ ուժերը կարողանան ըստ պատշաճի ներկայանալ 2026-ի ընտրություններին
Հայաստանի և Ադրբեջանի միջև «անկլավների փոխանակման» բարդ թեման
Ալիևին որքանո՞վ է ձեռնտու հայ-ադրբեջանական կարգավորումը