19/11/2025

Հող են նախապատրաստում դիտորդների աշխատանքը կասեցնելու ուղղությամբ․ Գոհար Մելոյան

Նախորդ շաբաթ իշխանության «սրտի» իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, որը շատ վաղուց մոռացել է իրավապաշտպանի առաքելության իրական գործառույթների մասին, դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով դադարեցնել դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կազմակերպությունների եւ ՀԿ-ների լիցենզիան` Վաղարշապատի ընտրությունները դիտարկելու վերաբերյալ, քանի որ նրանք օրենքի պահանջը` դիտորդների չեզոքությունը, խախտում են եւ քաղաքական գնահատականներ են հնչեցնում:

Իոաննիսյանը՝ ինքը, մոռանում է իր հնչեցրած քաղաքական տարբեր գնահատականների եւ այս իշխանությունների տարբեր ձեռնարկներին իր ներգրավվածության մասին:

Ու չնայած ԿԸՀ-ն Իոաննիսյանի սուբյեկտիվ ցանկություններին տուրք չէր տվել եւ մերժել էր նրա պահանջը, սակայն այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները եւ կից կառույցները, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հող են նախապատրաստում դիտորդների աշխատանքը կասեցնելու ուղղությամբ:

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասում է.

«Զանգահարեցին ինձ, սակայն ասացին, որ տեղյակ չեն, թե նիստն ինչի վերաբերյալ է լինելու: Դեպքը տեղի է ունեցել ընտրությունների նախորդ օրը, երբ մենք դիտորդական առաքելություն էինք իրականացնում, մի շարք տեխնիկական հարցեր կային լուծելու։

Օրինակ, ես ամեն անգամ, մեկ օր շուտ տեղամասերով պարտադիր շրջում եմ, սակայն այս անգամ զրկվեցի այդ հնարավորությունից, քանի որ նիստ էր հրավիրված: Հետո տեղեկացանք, որ Դանիել Իոաննիսյանն է մեր դեմ բողոք ներկայացրել, ի դեպ, խոսքը միայն իմ մասին չէ, տարբեր դիտորդական առաքելություններ ներկայացնող անձանց:

Մյուս երկուսի պարագայում պահանջ կար՝ հավատարմագրումը դադարեցնելու, իմ կազմակերպության պարագայում` անձամբ իմ լիազորությունը դադարեցնելու: Իբրեւ ես խախտել եմ քաղաքական չեզոքությունը:

ԿԸՀ-ն մերժեց դիմումները մեր դեմ, սակայն տվյալ փաստերի հիմքով նոր վարույթներ հարուցեց իր կողմից: Կա պատշաճ ծանուցման խնդիր, չի կարելի մարդուն մեկ օր շուտ նման վիճակի մեջ դնել:

Նիստի ժամանակ ես, իհարկե, ներկայացրի իրավական արգումենտները, պնդեցի, որ Սահմանադրության վարչարարության սկզբունքն էականորեն խախտվում է, որովհետեւ մյուս երկու գործընկերներն առհասարակ չէին ծանուցվել:

Մարդը պետք է ե՛ւ ծանուցվի, ե՛ւ ունենա ողջամիտ ժամանակ` պատրաստվելու համար: Իրավական առումով այս ամենը զավեշտ է: Ասում են, որ խախտել ենք չեզոքությունը, սակայն չի եղել նման բան, ասեմ ավելին` դիտորդական առաքելությունների հետ կապված դրույթները լրիվ նորություն են, քանի որ ընդունվել են այս իշխանությունների կողմից:

Այս ամենն ուժի մեջ է մտել Գյումրու ընտրությունների անմիջապես հաջորդ օրը` այս տարվա ապրիլի 1-ին: Որպես այդպիսին, Հայաստանում նման կարգավորումներ գործարկվում են առաջին անգամ: Գործող օրենքներով, նախքան այդ նշվում է, որ չեզոքություն պետք է ցուցաբերել գործողություններ կատարելիս:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուների, պրոցեսների մասին գնահատականները գուցե չեզոքության վրա կարող են ազդել, սակայն, իմ գնահատմամբ, չպետք է լինենք կաշկանդված ընդհանուր գործող իշխանությունների մասին գնահատականներ հնչեցնելիս:

Տեսանյութեր են օգտագործել` որպես փաստ, սակայն մենք այնտեղ քաղաքական դիրքորոշում չենք հայտնել` որպես դիտորդ: Ինձ կապել են նաեւ «Մեր ձեւով» շարժման հետ, սակայն այն քաղաքական միավոր չէ, այլ հասարակական միավոր է։ Եվ հետո, թե՛ «Մեր ձեւով» շարժումը, թե՛ «ՀայաՔվեն»` դրանցից որեւէ մեկը չէր մասնակցում Էջմիածնի ընտրություններին, հետեւաբար, քաղաքական միավորի հարց լինել չէր կարող»: