«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:
– Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը՝ իր մի քանի տասնյակ սազանդարների հետ, Վայոց Ձորի Խաչիկ գյուղում էր պատարագի մասնակցում: Իրեն հավատացյալ եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հռչակած անձը, որը որոշել է Հայ առաքելական եկեղեցին քանդել ներսից, կարողացել է այնպես անել, որ իր չար ծրագրին միացել են նաեւ որոշ հոգեւորականներ: Եթե մինչ այս քահանաներ էին, որոնք շեղվել էին Մայթ Աթոռի գծից, ապա այս անգամ պատարագին ներկա էր նաեւ Վայոց Ձորի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, որ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր: Այս պատարագի ժամանակ էլ զեղչվեցին` չհիշատակվեց կաթողիկոսի անունը, ինչպեսպահանջում է կարգը եւ դա հենց թեմի առաջնորդի ներկայությամբ: Ըստ Ձեզ` ո՞րն էր այս ամենի պատճառը եւ սա ինչ նախադեպ է:
– Կաթողիկոսի եւ թեմի առաջնորդի անունները հիշատակելը քահանայի պարտականությունն է: Եթե քահանան պատարագի ժամանակ ինքնագլուխ ինչ-որ հատվածներ զեղչում է, այդ պատարագը դառնում է թերի, ստացվում է, որ կամայականություն ես դրսեւորում Սուրբ պատարագի նկատմամբ: Եթե քահանան նման բան անում է ինքնագլուխ, այն դառնում է ինքնիրավչություն: Այսինքն` քահանան ինքն է սկսում որոշել, թե որն է իր իրավունքը, ինչը քահանայի կողմից խիստ անազնիվ քայլ է, իսկ եթե այդ քայլն արվում է ինչ-որ պետական պաշտոնյաների հովանավորչությամբ, այսինքն` եթե պաշտոնյան է դրդում գնալ այդ քայլին, մեղքի չափաբաժինն ավելի է մեծանում: Ցավոք սրտի, վերջին շրջանում Հայաստանում հակաեկեղեցական շարժում է ստեղծվել, տարբեր քահանաների փորձում են այդ շարժման մեջ ներգրավել, եւ դրսից ուղղորդվող այս հակաեկեղեցական շարժման անդամները փորձում են շարժումն էլ ավելի ուղղորդել կաթողիկոսի դեմ, թեմակալ առաջնորդների եւ, ինչու չէ՝ բարեպաշտ հավատացյալների դեմ: Մեր հասարակության մեծամասնությունը դեմ է այս ամենին, ուստի դեմ է նաեւ այն բանին, որ որեւէ քահանա ինքնագլուխ քայլերի դիմի: Խաչիկ գյուղում տեղի ունեցածը խիստ անթույլատրելի էր, այդպես չի կարելի, քահանան չի կարող որոշել, թե պատարագից որ հատվածը կարելի է զեղչել: Պատարագը կազմվում է հստակ կանոնով: Ես՝ որպես հոգեւորական, չունեմ իրավունք՝ պատարագից ինչ-որ հատվածներ կրճատելու, հանելու: Դա, մեկ բառով ասած, անօրենություն է: Թեպետ ես շատ սիրում եմ մեր կաթողիկոսին, սակայն եթե անգամ կան հոգեւորականներ, ովքեր չեն սիրում, կամ եթե ինչ-որ մի բան նրանց սրտով չէ արարողության ընթացքում, ապա դա դեռ չի նշանակում, որ ինչ խելքին փչի, պետք է անի: Նման անձինք լավ կանեն՝ թողնեն եկեղեցու ասպարեզը եւ հեռանան: Ինքնագլուխ քայլեր անելով եկեղեցու դեմ՝ ոչնչի չեն կարող հասնել:
– Երեկ պարզվեց, որ Հովհաննավանքում հոգեւորականի հագուստով, դաջվածքով երիտասարդը, որն իբրեւ թե սարկավագ էր, իրականում` ՔՊ-ական պատգամավորի օգնականն է եւ մասնակցում է Մարտի 1-ի հետ կապված իշխանական լսումներին: Ինչպե՞ս են շարքային մարդիկ հոգեւորականի հանդերձանքով հոգեւորական ձեւանում:
– Այո, նա ՔՊ-ի այն ներկայացուցիչներից է, որը տարրական գրագիտություն չունի, սակայն, հավանաբար, աշխատում է գումարի դիմաց, որովհետեւ ամեն տեղ կա: Նրան ինչ գործ որ հանձնարարում են, անում է: Մի օր Էջմիածնի քաղաքացի է, մի օր ֆուտբոլիստ է, մի օր եկեղեցու ներկայացուցիչ է, մի օր պատգամավորի օգնական է: Մարդը՝ սահմանափակ հնարավորություններով, ամեն տեղ կատարածու է: Մտավոր կարողություններով սահմանափակված է, սակայն մտքեր է արտահայտում, հոգեւորականությունից հեռու է, սակայն խորան է բարձրանում: Նա դպիր չէ, ինքնակոչ է: Բազմաֆունկցիոնալ կամակատար է: Ամեն ինչ անելն է շնորհք, նա ոչինչ չի կարողանում անել, սակայն ամեն ասպարեզում կա, որովհետեւ պատրաստ է ինչ-որ բաների դիմաց անել ամեն ինչ: Դա անառողջ երեւույթ է:







Բաց մի թողեք
Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով
Նախընտրական ներկայացումների թատերաշրջանը հայտարարվում է բացված
Մերժել բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում