Իսրայելական մամուլը հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուն տիկնոջ հետ արդեն ժամանել է Ֆլորիդա, որտեղ կկայանա նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ի տարբերություն նախորդ բանակցությունների, Նաթանյահուն այս անգամ ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի միայն Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Լեյթերի մասնակցությամբ: Երուսաղեմում, ինչպես «Եդիոտ ահրոնոտն» է փոխանցել, «խիստ մտահոգված են, որ Դոնալդ Թրամփը կարող է պարտադրել, որ Իսրայելն անցնի Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանը՝ առանց անվտանգության իրական երաշխիքների»:
Հավանական է, որ այդ մտահոգությունները բավական մտահոգիչ են: Նաթանյահուի հետ Միացյալ Նահանգներ են մեկնել իսրայելցի զոհված պատանդ Ռան Գվիլի մայրը և եղբայրը: Ռան Գվիլի աճյունը դեռևս չի հայրենադարձվել:
Երուսաղեմում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահը կընդունի նրա մորը և եղբորը, որպեսզի կարևորի, որ «ՀԱՄԱՍ-ը լիովին չի կատարել իսրայելցի պատանդների և զոհվածների աճյունների վերադարձի պարտավորությունը»:
Իսրայելական vesty ռուսալեզու կայքը գրել է, որ Նաթանյահուին «լուրջ փորձություն է սպասում, քանի որ ԱՄՆ նախագահը որոշել է Գազայում կարգավորման հասնել ամեն գնով»: Լրատվամիջոցը հատկապես ուշադրություն է դարձրել ամերիկյան խոսույթի փոփոխությանը, եթե նախկինում Վաշինգտոնը պնդում էր, որ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, ապա այսօր խոսում է «սպառազինությունները շահագործումից դուրս բերելու անհրաժեշտության» մասին:
Իսրայելում գտնում են, որ այդ դեպքում ՀԱՄԱՍ-ը կարող է պահեստավորել սպառազինությունները և ցանկացած հարմար առիթով գործի դնել:
Երկրորդ «անակնկալը» կարող է լինել «Միջազգային կայունացնող ուժերին» Թուրքիայի մասնակցությունը: Թեև Թրամփը «հարգում է այդ հարցում Նաթանյահուի դիրքորոշումը, բայց եթե հարկ լինի ընտրություն կատարել ծրագրի ձախողման և Թուրքիայի ներգրավվածությամբ այն իրականացնելու հնարավորության միջև, ապա ԱՄՆ նախագահն, ամենայն հավանականությամբ, կընտրի երկրորդ տարբերակը»,- համոզված է «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը:
Պարբերականն, ընդսմին, նշել է, որ Գազայում Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Վաշինգտոնում իր կապերով «պաշտպանում է նաև Կատարը», իսկ Դոհայի հետ Դոնալդ Թրամփը խոշորածավալ ներդրումային ծրագրեր ունի:
Թրամփ-Նաթանյահու տարեվերջյան հանդիպումից, կարելի է ասել, իսրայելական մամուլի սպասումները հիմնականում դրական չեն: Ընդ որում, բավական հստակ երևում է, որ գլխավոր մտահոգությունը գալիս է Գազայում և Սիրիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հավանականությունից:
Ավելի պարզ ասած, Երուսաղեմում մտահոգված են, որ Իսրայելը «կարող է կորցնել Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական միակ դաշնակցի առավելությունը»:
Եթե դա տեղի ունենա, ապա կսահմանափակվի նաև Իրանի դեմ գործելու հնարավորությունը:
Իսկ Հայաստանը որևէ մտավախություն չունի արդյոք, հարցը՝ հռետորական է ․․․

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան