10/03/2026

EU – Armenia

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին համարժեք գործընկեր չի համարում

ԱՄՆ արդարադատության և ներքին անվտանգության նախարարության համատեղ հատուկ գործողության արդյունքում, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը, Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող Marinera լցանավը:

Ավելի վաղ այն կրում էր Bella 1 անվանումը և հետապնդման ոչ միայն անվանափոխվել է, այլև նավարկային գրանցում ստացել Սոչիում:

Այդ փոփոխությունները կատարվել են, որպեսզի լցանավն ապահովագրվի ամերիկյան կողմի հետապնդումներից, բայց, ինչպես հաստատել է ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը, ամերիկյան կողմը մնացել է անդրդվելի:

Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Հեգսեթը հայտարարել է, որ Վենեսուելայից «նավթի արտահանման արգելքը ամբողջ աշխարհում մնում է ուժի մեջ»,-ինչից հասկանալի է, որ ռուսաստանյան լցանավը բռնագրավվել է Վենեսուելայից նավթ արտահանելու մեղադրանքով:

ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով, ամերիկյան կողմը գործել է «դաշնային դատարանի տված օրդերի հիման վրա»:

Ռուսաստանյան լցանավը բռնագրավվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից և ԱՄՆ-ում դատարանի առջև կանգնեցնելուց երեք օր հետո: Տնտեսական ի՞նչ վնաս է կրելու Ռուսաստանը, եթե ԱՄՆ-ը նրան դուրս մղի վենեսուելական նավթի արտահանման շուկայից, մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի:

Փաստ է, որ ռուսաստանյան լցանավի բռնագրավումը ծանրագույն հարված է Ռուսաստանին և անձամբ նախագահ Պուտինին:

ԱՄՆ վարչակազմը Վլադիմիր Պուտինին փաստացի նույնականացնում է Վենեսուելայի շնորհազրկված և դատական պատասխանատվության ենթակա ճանաչված նախագահի հետ: Ընդ որում, նախօրեին տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը որպես օգնություն՝ սուզանավ է ուղարկել ամերիկյան հատուկ գործողության շրջան:

Նավթատար լցանավի բռնագրավման մասին տեղեկությունը վկայում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի «նախազգուշացումն» անտեսել է:

Ստեղծված իրավիճակում, երբ գրեթե բոլորը խոսում են միջազգային իրավունքի «մահվան» և ուժի գերակայության մասին, ռուսաստանյան լցանավի բռնագրավումը հստակ ազդակ է, որ աշխարհաքաղաքական զարգացումներում ԱՄՆ-ը Ռուսաստանի ուժային «հակակշիռը» չի ճանաչում:

Պարզ ասած, Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին համարժեք գործընկեր չի համարում: Մոսկվայում կարող են մխիթարվել նրանով, որ Թրամփն իրեն հավասար չի ճանաչում նաև եվրոպացի առաջնորդներին: Բայց փաստ է, որ ռուսաստանյան լցանավի ձերբակալությանը մասնակցել է նաև բրիտանական օդուժը: