Հայաստան – Ադրբեջան հարաբերություններում վերջին տարիների զարգացումների հիմքում ընկած առանցքային պահը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է։
Այդ օրը կայացած քառակողմ հանդիպման ընթացքում ընդունված հայտարարությամբ կողմերը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հենվելով Ալմաթայի հռչակագրի վրա։
Հենց այս պահն է դիտարկվում որպես այն գործընթացների սկիզբ, որոնք հետագայում ձևավորեցին տարածաշրջանային նոր իրողությունները։
Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումում։
Նրա խոսքը վերաբերում էր նաև Վաշինգտոնում ընդունված Միրզոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը և դրա համատեքստին։
Վարչապետի գնահատմամբ՝ հոկտեմբերի 6-ի հայտարարությունն ունեցել է առանցքային նշանակություն, քանի որ հենց այդ պահից գործընթացը մտել է հստակ ձևաչափի մեջ։ Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կարող էին տարբեր սցենարներով ընթանալ, և նույնիսկ հնարավոր էր, որ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենային, սակայն այդ հարցի պատճառներին, իր ձևակերպմամբ, նա արդեն անդրադարձել է։
Փաշինյանը կարևորել է նաև եվրոպական դերակատարների ներգրավվածությունը՝ ընդգծելով Եվրամիության ղեկավարության և մասնավորապես Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին դրվագների, այլ շարունակական գործընթացի շրջանակում։ Նրա խոսքով՝ արդեն 2026 թվականի սկզբին պարզ է դարձել, որ նախորդ տարի տեղի է ունեցել որոշակի կուլմինացիա։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ կուլմինացիան դրական բնույթ է կրել, սակայն զարգացումները վկայում են, որ առաջիկայում հնարավոր են նոր և ավելի նշանակալի դրական հանգրվաններ։
Անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին՝ վարչապետը խոսել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման և դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մասին։ Նա շնորհավորել է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի բոլոր կողմնակիցներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Նա պնդել է , թե ներկայումս Հայաստանի շուրջ իրավիճակը պատմականորեն առավել կայուն է։ Նրա խոսքով՝ անվտանգության միջավայրը երբեք այսքան կայուն չի եղել, իսկ Հայաստանին սպառնացող ռիսկերը 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան դրությամբ գտնվում են նվազագույն մակարդակի վրա․ «Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում»։






Բաց մի թողեք
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու
Թբիլիսիում բնակվող Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին տեղափոխել Հայաստան
Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ. Լուսանկար