Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։
Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագրության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը:
«ԵՄ դեսպանները հաստատեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն եվրոյի չափով: Սա ևս մեկ փոքր նշան է, որ այս տարվա կարևորագույն ընտրություններից առաջ Հայաստանն ավելի է մոտենում Եվրամիությանը»,- նշել է Յոզվիակը:
Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր այն: Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Բուդապեշտը դեմ չէ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի, պայմանով, որ նույնչափ օգնություն ստանա նաև Ադրբեջանը։ Բանակցություններից հետո Հունգարիան փոխել է դիրքորոշումը։
Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:
Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամսվա համար։

Բաց մի թողեք
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը