Բաքվի իշխանական haqqin.az-ը հայտնել է, որ «ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Արաբական միացյալ էմիրություններ աշխատանքային այցը»: Ալիևը ԱՄԷ է մեկնել փետրվարի 2-ին:
Նույն օրը կայացել է նրա եւ նախագահ ալ-Նահաիանի հանդիպումը: Փետրվարի 3-ին երկու երկրների նախագահները տեսակապով հետևել են «Խաղաղության վահան 2026» համատեղ զորավարժություններին, որ Ադրբեջանի և Էմիրությունների միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջինն են:
Հաջորդ օրը Աբու-Դաբի է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կայացել է «Զայեդ» մրցանակաբաշխությունը: Այդ մրցանակին արժանանալու կապակցությամբ Փաշինյանին և Ալիևին շնորհավորել են Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղստանի և Ուզբեկստանի նախագահները:
Տեսաուղերձ է հղել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, բայց նրա խոսքում շեշտադրվել է Ադրբեջանի և հատկապես Իլհամ Ալիևի «նախաձեռնողականությունը»:
Փետրվարի 5-ին, ժամը 21:10-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան շատ հակիրճ գրառում է կատարել և հրապարակայնացրել, որ ԱՄԷ աշխատանքային այցն ավարտվել է նախագահ ալ-Նահաիանի հետ հանդիպումով:
Փաշինյանը նաև այդ հանդիպումից լուսանկար է հրապարակել, ինչից պարզ է դարձել, որ ԱՄԷ նախագահի հետ նրա հանդիպմանը ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Էմիրությունների նախագահ ալ-Նահաիանը փետրվարի 2-ին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ 5-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Զայեդ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո, ինչպես պարզ է դառնում Փաշինյանի և Ալիևի աշխատանքային այցի ավարտի մասին տեղեկատվությունից, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մեկ ամբողջական օր գտնվել են Աբու-Դաբիում:
Այդ ընթացքում նրանց աշխատանքային հանդիպումների մասին որևէ տեղեկություն ոչ Երեւանը, ոչ Բաքուն չեն տարածել: Պետությունների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցը կազմվում է շաբաթների, նույնիսկ առաջիկա ամիսների կտրվածքով և բացառված է, որ Փաշինյանը և Ալիևը Աբու-Դաբիում մեկ օր «հենց այնպես վատնել են»:
Կարելի՞ ենթադրել, որ նրանք ևս մեկ, արդեն ոչ հրապարակային, հանդիպում են ունեցել: Հավանակա՞ն է, որ Փաշինյանը և Ալիևը «քննարկել են ԱՄՆ փոխանախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետ կապված հարցեր»:
Այս հարցերը պատասխան չունեն, ինչից, բնականաբար, ծնվում է լուրջ հարցադրում.«Ո՞րն է «գաղտնիքն» Աբու-Դաբիի»:

Բաց մի թողեք
Իրանի էներգետիկ ցնցումները հարվածեցին Եվրոպային
Ֆրանսիայի մունիցիպալ ընտրությունները վճռորոշ կլինեն Եվրոպայի համար
Ընթրիքներ և «սիրախաղ». Եվրոպայի ամենամեծ քաղաքական կուսակցությունները փորձում են նոր մարտավարություն՝ կոալիցիան փրկելու համար