Կրեմլի եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը ՌԻԱ Նովոստի պետական գործակալության համար հոդված է հեղինակել այն կանխադրույթով, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Ուկրաինայի դեմ պատերազմի «աշխարհաքաղաքական և գաղափարախոսական կոնտեքստը»:
Դուգինը ելակետային է համարում իր իսկ քաղաքագիտական մոտեցումը, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, անտեսելով միջազգային օրենքը և ձգտելով Միացյալ Նահանգների «գլոբալ առաջնորդության, Արևմուտքը բաժանել է հինգ մասի»:
Դուգինի վարկածով՝ դրանք են. ԱՄՆ, Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, Գլոբալիստների համաշխարհային ցանց, որի մաս է կազմում ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը և Իսրայել:
Ռուսաստանցի իշխանամետ փիլիսոփա-քաղաքագետը Միացյալ Նահանգները չի դիտարկում որպես Ռուսաստանի բարեկամ, բայց և չի դասում նրա թշնամիների շարքին:
Նույն գնահատականը նա տալիս է նաև Իսրայելին, իսկ Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գլոբալիստների համաշխարհային ցանցին միանշանակորեն որակում է «Ռուսաստանի թշնամիներ»:
Ընդսմին, չնայած որոշակի այլասացություններին, հոդվածի ընդհանուր տրամադրվածությունից հասկացվում է, որ Դուգինը հակառուսաստանյան քաղաքականության մեջ ամենից առաջ մեղադրում է Մեծ Բրիտանիային:
Ըստ նրա, այդ երկիրն անցյալ դարի երկրորդ կեսերին լիովին կորցրել է «համաշխարհային գերտերության կարգավիճակը, երբ հնարավորությունների շատ զգալի մասը կամավոր վերապահել է իր նախկին գաղութ ԱՄՆ-ին»:
Դուգինի հոդվածում, ի տարբերություն նախորդ հրապարակումների, ընդհանրացումներ և կանխատեսումներ չկան: Նա նույնիսկ դժվարանում է պատկերացնել «հինգ մասի տրոհված Արևմուտքի ապագա աշխարհաքաղաքական խճանկարը», ինչից կարելի է ենթադրել, որ Կրեմլի քաղտեխնոլոգների համար պարզ չէ երկու էական հանգամանք:
Առաջինը Միացյալ Նահանգներ-Եվրամիություն հարաբերություններն են: Ոչ ոք դեռևս չի կողմնորոշվում՝ ԱՄՆ-ը Եվրոպայի «դեմ պատերա՞զմ է մղում», թե՞ դրդում ռազմա-քաղաքական ինքնուրույունության: Փորձագետները դժվարանում են նաև գնահատել Եվրամիություն-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագան:
ՌԻԱ Նովոստիի այս հրապարակումը նախորդում է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին: Ըստ տեղեկությունների, դրանք նախատեսված են փետրվարի 17-18-ին: Bloomberg-ին հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ քննարկվելու է տարածքների հարցը:
Նա բացահայտել է, որ ԱՄՆ-ը ներկայացրել է «Դոնբասի արևելքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկը, որից ոչ ռուսներն են հիացած, ոչ՝ ուկրաինացիները»:
Ստացվում է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընդհանուր աշխարհաքաղաքական և գաղափարախոսական կոնտեքստը և Ռուսաստանի պատկերացումները հակոտնյա են:
Ոչ ոք հանուն Վլադիմիր Պուտինի պատրաստ չէ Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը ճանաչել ռուսաստանապատկան: «Մեծ Եվրասիա» նախագիծը, որի հիմնական գաղափարախոսներից է Դուգինը, փաստացի ձախողվել է: Չկա երաշխիք, որ «հինգ մասի բաժանված Արևմուտքի տեսությունը» հերթական քարոզչահնարք չէ:

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան