Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
Այդ մասին հայտնել է mehr-ը՝ առանց որևէ մեկնաբանության: Նույն օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային լրագրողներին ասել է, որ «միջուկային հարցերով Օմանի միջնորդությամբ բանակցություններին Իրանի պատվիրակությունը կքննարկի տեխնիկական և իրավական հարցեր»:
Նա, ընդսմին, հավելել է, որ ամերիկյան կողմի դիրքորոշումը «նկատելիորեն պրագմատիկ է դարձել»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունեցող tasnim-ը իր հերթին տեղեկացրել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16-ին զորավարժություններ են սկսել, որ անցկացվում են «Խելոք հսկողություն Հորմուզի նեղուցում» պայմանական անվանումը:
Ըստ լրատվամիջոցի, որի տեղեկությունը փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, զորավարժությունների նպատակը «ցանկացած իրավիճակի պատրաստ լինելն» է:
Ավելի վաղ Իրանի մի շարք բարձաստիճան զինվորականներ և խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել նավարկության համար Հորմուզի նեղուցը փակելու պահանջով: Նավթի միջազգային առեւտրի մեկ հինգերորդն իրականացվում է Հորմուզի նեղուցով:
Եթե Իրանը գեթ մեկ շաբաթով այն արգելափակի, ապա էներգակիրների համաշխարհային շուկան «կտենդի»: Դիտարժան է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունների մեկնարկի նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում «աբորդաժի են ենթարկել նավթատար լցանավ, որ թեև Պանամայի դրոշի ներքո է փոխադրումներ իրականացնում, բայց փաստացի իրանական» է:
Ժնևի բանակցությունները, ըստ իրանական կողմի, դարձյալ կլինեն միջնորդավորված: Այդ նպատակով այնտեղ է մեկնել նաև Օմանի արտաքին գործերի նախարար ալ-Բուսայիդին: Ըստ տեղեկությունների, իրանական կողմի պահանջով ամերիկյան պատվիրակության կազմում զինվորականներ չեն լինի:
Գլխավոր բանակցող է նշանակված ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, նրան կաջակցի Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Իրանական պատվիրակությունը Ժնև կներակյանա բավական ազդեցիկ կազմով, որտեղ ներգրավված են փոխարտգործնախարարներ, ԱԳՆ վարչությունների պետեր:
Բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է տարածաշրջան երկրորդ ավիակիր և ռազմանավախումբ ուղարկելու մասին: Մերձավոր Արևելքում ԱՄՆ բոլոր ռազմահենակայաններում մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստություն է հայտարարված:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չէր ցանկանա, որ «այդպես լինի», բայց եթե «գործարքը չկայանա», ապա ինքը ստիպված կլինի «անցնել երկրորդ տարբերակի, որ նրանց (Իրանի) համար շատ, չափազանց շատ ցավոտ կլինի»: Մինչ այդ նա Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ամենահարմար տարբերակ է համարել «վարչախմբի փոփոխությունը»:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն Հունգարիայի հիմնական դաշնակիցն է` Պուտինի կողմնակի՞ց
Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառնում սպառողի կարգավիճակին
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «բիզնես – գործարք» է առաջարկել