Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել «Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավը» դատապարտող հայտարարությամբ, հայտնել են հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ:
Ըստ yerevan today-ի, CCAF-ը, մասնավորապես, գտնում է, որ «այն պահին, երբ հայ ժողովուրդը կանգնած է արտաքին սպառնալիքների առջև, նա չի կարող իրեն թույլ տալ նման բախումներ, որից կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները»:
Մի կողմ թողնենք իրողությունը, որ երբ Հայաստանը կանգնած էր առարկայական-ռազմական ներխուժման սպառնալիքի առջև, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականը ոչ մի հակակառավարական ցույցեր և երթեր էր գլխավորում, այլև ուղղակիորն գլխավորում էր Ազգային ժողովի դեմ գրոհը և ցուցարների ու իրավապահների միջեւ ճակատային բախումներ հրահրում, իսկ մինչ այդ ստացել էր կաթողիկոսի օրհնությունը:
Այդ, իրոք, ճգնաժամային օրերին CCAF-ը մտահոգված չէր, որ հայ ժողովրդի թշնամիները դրանով միայն ուրախանալ կարող են:
Բայց դառնանք Հայտարարության քաղաքական կողմին և փորձենք գնահատել, թե CCAF-ն ո՞ւմ նկատի ունի, երբ արձանագրում է, որ «հայ ժողովուրդը կանգնած է արտաքին սպառնալիքների առջև»: Խոսքը Հայաստանի՞ ժողովրդի, թե՞ աշխարհասփյուռ հայության մասին է:
Սա չափազանց սկզբունքային է, որովհետև աշխարհաքաղաքական անվտանգության առումով եթե արտաքին սպառնալիք կա,-իսկ այն լիովին բացառել չի կարելի,-ապա դիմակայության սուբյեկտը Հայաստանն է, որի կառավարությունը գործում է և պետք է գործի նրա ժողովրդից ստացած մանդատի ուժով, փորձի կյանքի կոչել այն ծրագրերը, որ արժանացել են ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությանը:
Սա ազգային-պետական կյանքի կազմակերպման և միջազգային քաղաքական գործընթացներում լեգիտիմ սուբյեկտության նախապայման է, իսկ սուբյեկտության կրողը ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայությունը, այլ՝ Հայաստանի երեք միլիոն քաղաքացիներն են:
Նրանք են գնահատում արտաքին սպառնալիքը, անվտանգային միջավայրը և ընթացիկ ու հեռանկարային գործընկերության շրջանակը, այլ երկրների հետ հարաբերությունների մակարդակը, համագործակծակցության նպատակը, պարամետրերը և գործիքակազմը:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, ապա նա Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կառույց է, ազգային հաստատություն, որի կարգավիճակը հաստատված է Սահմանադրությամբ, գործունեության կարգը և իրավասությունների շրջանակը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» դեռևս 2007թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած և ուժի մեջ գտնվող օրենքով:
Ի դեպ, նույն օրենքը սահմանում է, որ ՀԱԵ թեմերն արտերկրում գործում են ՀՀ «պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան»: Սա նշանակում է, որ եթե, դիցուք, Պակիստանում «հարյուր հազար հայ ապրեր», ՀԱԵ-ն այդ երկրում չէր կարող թեմ հաստատել, քանի դեռ Իսլամաբադի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են