Ավարտվեցին իշխող թիմի ներկուսակցական եռօրյա ընտրությունները, եւ համացանցը խաղաղվեց ՔՊ-ականների՝ կարկտահարության նմանվող ստատուսներից, ագրեսիվ քարոզչությունից։
Հրապարակ թերթը գրել է․ Անցած երեք օրերին մի այնպիսի աղմուկ-աղաղակ, հարայ-հրոց էին դրել այդ առիթով, որ կարելի էր կարծել, թե դարի իրադարձությունն է տեղի ունենում: Պարզ է, որ նպատակը հանրային հարթակներն իրենցով լցնելն է, հուժկու քարոզարշավ ներկայացնելը եւ իրենց հետագա հաղթանակի նկատմամբ վստահություն ներշնչելը:
Իսկ այս թատերականացված ներկայացմամբ նաեւ փորձում էին ցույց տալ, որ թափանցիկ, արդար, ժողովրդավար պրոցես է ընթանում, եւ անգամ ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ ընտրական ցուցակ են ձեւավորում։
Մինչդեռ, ՔՊ-ի ներսից ստացվող տեղեկատվությունից դատելով, շատերն են դժգոհ մնացել այս գործընթացից եւ կարծում են, որ իրականում տեղի են ունեցել ուղղորդված ընտրություններ, «տասովկաներ»։ Չնայած արգելված են եղել քարոզչությունն ու պատվիրակներին «մոտենալը», սակայն շատերը դա արել են, ուստի ոմանց արդյունքները շատ հեռու են իրենց իրական վարկանիշներից․ ոմանք ավելին են ստացել, ոմանք` ցածր:
Դիցուք, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է 932 ընտրողից 431-ը։ Որքան էլ Վարդանյանը գրեթե միակ պրոֆեսիոնալ իրավաբանն է համարվում եւ օրենսդրական աշխատանքին ունակ եզակիներից է, ՔՊ շարքերը նրան լավ չեն ճանաչում, նա գրեթե մարզային այցեր չի անում, ակտիվ շփումների մեջ չէ տարածքայինների հետ, շատերը կասկածում են, որ նրա համար ասվել է ինչ-որ մարդկանց, որ Վարդանյանը լինի առաջին հիսունյակում:
Եվ նա 24-րդ տեղում է հայտնվել։ ՔՊ-ում տարակուսանքի տեղիք է տվել կապանցի Դավիթ Դանիելյանի ստացած ձայների քանակը․ նա 28-րդ տեղում է՝ 402 ձայնով։ Նկարիչ, նախկին փոխնախարար Դանիելյանին էլ քչերը գիտեն, նա «քֆուրչիների»` ծանր հրետանու բրիգադից չէ, ուստի նրա ստացած բարձր ձայների միակ գաղտնիքը վերագրում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը թիմի գորշ կարդինալն է եւ իր մտերիմին անձամբ է առաջ հրում: Նա, ըստ ամենայնի, ջանք չի խնայել, որ վերջինս հայտնվի խորհրդարանում, եւ դրա համար օգտագործել է իր պաշտոնեական դիրքը:
Կամ՝ ՔՊ գրասենյակի գործավարուհի՝ հանրությանն անհայտ ոմն Քնարիկ Հարությունյան, տեղ է գտել առաջին 50-ի մեջ՝ 298 ձայնով, իսկ գործող պատգամավորներից շատերը հայտնվել են ցուցակի ծայրամասում: Ասում են՝ նա ի պաշտոնե կապի մեջ է եղել պատվիրակների հետ եւ ծածուկ քարոզչություն է արել իր օգտին։
Զավեշտալի է նաեւ սեպտեմբերից պատգամավոր աշխատող, բայց ծպտուն չհանած Էսթեր Այվազյանի ստացած 90 ձայնը, նրան այնքան չեն ճանաչում թիմում, որ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջը գովազդի տակ էր դրել, որ իմանան իր մասին։ Կամ, ասենք, Գնել Սանոյսանը ընդունեց, որ հետեւում է թողել բազում ակտիվ թիմակիցների, ոմանց կարծիքով, իր նախկին կապերն է բանեցրել. երբ ՏԿԵ նախարար էր, նա կուրացիա էր անում տարածքայինները։
Ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 554 ձայնն է․ սեպտեմբերին՝ վարչության ընտրությունների ժամանակ, նա 404 ձայն էր ստացել: Ոմանք կատակում են, թե վարչաբենդում նրա պարը մի 150 լրացուցիչ ձայն բերեց նախարարին, կանանցից նա ամենաշատ ձայներ ստացածն է։ Հաջորդը Ալխաս Ղազարյանն է: Կանանց ջոկատում Արուսյակ Ջուլհակյանն է` 471 ձայն, Հասմիկ Հակոբյանը` 469, Լիլիթ Մակունցը` 438, Սրբուհի Գալյանը` 406, Նազելի Բաղդասարյանը` 400, Արուսյակ Մանավազյանը` 362, Զարուհի Բաթոյանը` 351, Տաթեւիկ Գասպարյանը` 298, եւ Սոնա Ղազարյանը` 293 ձայնով: Սրանք են առաջին 50 տեղում ընդգրկված անունները։
274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, 932 վավեր քվեաթերթիկներից նրան 894 անձ է քվեարկել: Իսկ ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական: 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսինքն, 38 կուսակցական չի քվեարկել Փաշինյանի օգտին, եւ սա նշանակում է, որ անգամ թիմում նա անառարկելի հեղինակություն չունի՝ իբրեւ առաջնորդ։
Առաջին փուլից հետո սպասվում է եւս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուներից կազմված ցուցակը նորից կդրվի քվեարկության, եւ կորոշվի ընտրացուցակում դասավորությունը:

Բաց մի թողեք
Նոր միավորներ են ձեւավորվում. Արթուր Վանեցյան – Գագիկ Ծառուկյան
Ծաղրում է հայերին` ձեր խաղաղության խաչմերուկը կկառուցեք, երբ Բայդենը վերադառնա իշխանության
Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. տեղակալների հետ ակտիվ մարզայի այցելություններ է իրականացնում