17/02/2026

Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառնում սպառողի կարգավիճակին

Trump put e1755329493724

Այսօր՝ փետրվարի 17-ին ուկրաինական կարգավորման եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական, բանակցություններից առաջ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ժնևում առանձին հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ:

Այդ տեղեկությունը հաստատել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ Դմիտրիևը Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակության կազմում ընդգրկված չէ:

Այսպիսով, կարծես, իրականությանը մոտ է տեղեկատվական արտահոսքը, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման դիմաց Ռուսաստանը առաջարկում է «տնտեսական մեծ գործարք»:

«Նեզավիսիմայա գազետան», հղելով սեփական լավատեղյալ աղբյուրներին, գրել է, որ «գոյություն ունի ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության յոթ կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ»:

Այն, ինչպես հասկացվում է լրատվամջոցի ակնրակներից, Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ամերիկյան կողմին ներկայացրել է հունվարին, երբ երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Մայամիում:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է երկարաժամկետ գործարք կնքել քաղաքացիական ավիացիայի արդիականացման բնագավառում՝ ներառյալ ամերիկյան մասնագետների մասնակցություն ռուսասատնյան ինքնաթիռաշինության ասպարեզում:

Երկրորդ առաջարկությունը վերաբերում է նավթի արդյունահանման բնագավառում համատեղ ծրագրերին: Երրորդ կետով նախատեսվում է Ռուսաստանի սպառողական շուկա ամերիկյան ընկերությունների վերադարձ:

Այնուհետև Ռուսաստանը խոստանում է երկկողմ առևտրի հաշվարկներն իրականացնել միայն ամերիկյան դոլարով, ինչպես նաեւ այդ արտարժույթով իրականացնել սեփական էներգակիրների արտահանումը: Առաջարկությունների վեցերորդ կետը վերաբերում է Ռուսաստանի տարածքում ամերիկյան ընկերությունների հետ լիթիումի, պղնձի, նիկելի եւ պլատինի արդյունահանմանը և վերամշակմանը:

Յոթերորդ առաջարկությամբ կողմերը պետք է զարգացնեն արդյունահանվող էներգակիրների բնագավառը՝ ի հակակշիռ «կանաչ էներգիայի», որ Եվրամիությունը և Չինաստանը մտադիր են գերակշիռ դարձնել: Բացի այդ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «մասնավոր փաթեթով քննարկում են միջուկային խաղաղ տեխնոլոգիաների և արհեստական բանականության ասպարեզում ապագա համագործակցության հեռանկարը»:

Ռուս-ամերիկյան համագործակցությունը, որ կարող է տանել միջազգային լարվածության թուլացման և որոշակի կայունության, իհարկե, ցանկալի է: Այն կարող է դրական ազդել նաև Հարավային Կովկասի զարգացումների վրա:

Բայց եթե Պուտինը Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» նպատակներին մասնակիորեն հասնում է կամ մինչև տարեվերջ կարող է հասնել այդ գնով, ապա խոշոր հաշվով դա ռազմավարական պարտություն է, քանի որ Ռուսաստանը փաստացի վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառանում տեխնոլոգիաների սպառողի կարգավիճակին, որ ԽՍՀՄ-ն ունեցել է գոյության ողջ ընթացքում: