Ռուսաստանում առևտրային նավատորմը արևմտյան հարձակումներից պաշտպանելու միջոցներ են մշակվում: Այդ մասին aif.ru-ին հարցազրույցում ասել է ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ, Վլադիմիր Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևը:
Նա տեղեկացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը շուտով նախագահ Պուտինին կներկայացնի նավաշինության մինչև 2050 թվականի ծրագիրը: Պատրուշևը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-մ մշակում է Ռուսաստանին Բալթիկ ծովում «շրջափակման ենթարկելու ծրագիր, որի նպատակը Կալինինգրադի մարզի անջատումն» է:
Նա սպառնալիք է գնահատել Ֆինլանդիայի կողմից վերջերս հետախուզական ռազմանավի ձեռքբերումը, որի «հագեցվածությունը թույլ է տալիս դիտարկել Ռուսաստանի հյուսիս-արևմտյան ողջ առափնյակը»:
Պատրուշևը կոշտ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նկատմամբ համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա «կարող են լկտիանալ անգամ մերձբալթյան երկրները և Բալթիկայում խնդիրներ հարուցել»:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրենը կանխատեսում է արել, որ ՆԱՏՕ-ն «առնվազն Հյուսիսային Ատլանտիկայում Ռուսաստանի նավագնացությունը շրջափակելու խնդիր ունի»: Նա բացահայտ սպառնացել է, որ այսուհետև «հարկ եղած դեպքում Ռուսաստանի առևտրային նավատորմը Ռազմածովային ուժերից աջակցություն կստանա»:
Առ այս պահը որևէ տեղեկություն, թե ՆԱՏՕ-ի կամ նրա անդամ որևէ երկրի Ռազմածովային ուժերը Ռուսաստանի առեւտրային նավատորմի նկատմամբ արգելանք են հարուցել, հրապարակային տիրույթում չկա:
Ենթադրաբար ՌԴ «ստվերային նավատորմին» պատկանող երկու լցանավ աբորդաժի է ենթարկել ԱՄՆ-ը, մեկը՝ Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի և այլ դաշնակիցների օգնությամբ:
Հրապարակայնացնելով, որ առեւտրային նավատորմին այսուհետև կարող են աջակցել ռազմածովային ուժերը, ՌԴ նախագահի օգնական Պատրուշևը փաստացի սպառնում է ուժի կիրառմամբ:
Բայց ավելի ուշագրավ է Պատրուշևի հարցազրույցի հրապարակման և Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամանակայանին համընկնումը, որ, ամենայն հավանականությամբ, պատահական զուգադիպություն չէ:
ՌԴ Ծովյին կոլեգիայի նախագահը, ով նաև Պուտինի օգնականն է և, ըստ տեղեկությունների, Կրեմլի «նոր քաղբյուրոյի»՝ իրական որոշումներ ընդունող ոչ ֆորմալ մարմնի, անդամ է, ըստ էության անոնսավորում է Արևմուտքի հետ առաջիկա մի քանի տասնմյակի կտրվածքով արմատական դիմակայություն:
Նման նպատակադրվածությամբ Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցություններ Ռուսաստանը չի կարող վարել: Եվ գնալով ավելի է հավաստի թվում եվրոպական առաջնորդների մտահոգությունը, որ Պուտինը «Ուկրաինայով չի բավարարվելու»:
Մերձբալթյան երկրների «լկտիանալու» մասին Պատրուշևի դիտարկումը պետք է հասկանալ այն իմաստով, և նա չի էլ թաքցնում» որ Ռուսաստանը պետք է «կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերձբալթցիներին չլկտիացնեն»: Այդպես, ըստ էության, մատնանշվում է նոր պատերազմի թատերաբեմը:
Կալինինգրադի մարզը «անջատելու» ՆԱՏՕ-ի մտադրվածության մասին Պատրուշևի «կանխատեսումը» Մոսկվայի ռազմական ծրագրավորման գաղտնազերծում է: Պոտրուշևն ամփոփել է, որ Ռուսաստանը կձգտի դիվանագիտական ճանապարհով հասնել «ստրատեգիական ապաշրջափակման, իսկ եթե չհաջողվի, հարկ կլինի անցնել ճեղքման»:
Ռուսաստանի համար «ստրատեգիական ապաշրջափակումը» ներկա փուլում Կալինգրադի մարզի հետ ցամաքային կապի հաստատումն է: Կարելի է ասել, թե Մոսկվան «բարձր նոտա է վերցնում», որպեսզի Ուկրաինայի հարցում ձեռքբերումներ ունենա:
Հնարավոր է, բայց ո՞ւմ է պետք Դոնբասի տիրապետումը, եթե Սուվալյան միջանցքը Կալինինգրադը բաժանում է «միութենական պետության իրավահավասար սուբյեկտ» Բելառուսից:

Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «հաշիվներ պարզելու» վտանգավոր ժամանակներ են սկսվում
ԱՄՆ-ն Հունգարիայի հիմնական դաշնակիցն է` Պուտինի կողմնակի՞ց
Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառնում սպառողի կարգավիճակին