Լեհաստանը Ռուսաստանի «դեմ խորհրդային տիրապետության շրջանում կրած վնասների դիմաց փոխհատուցման հայց է նախապատրաստում»: Ըստ ՌԻԱ-Նովոստիի, այդ մասին գրել է Financial Times-ը:
Պարբերականը հղում է արել Լեհաստանի Ռազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկին, ում վարչապետ Տուսկը հանձնարարել է «հետաքննություն իրականացնել»: Գոնդեկն ասել է, որ «աշխատանքն ավելի ծավալուն կլինի, քան նացիստական հանցագործությունների բացահայտման դեպքում»:
Լեհաստանը 2022թ.-ին Գերմանիայից պահանջել է վեց տրիլիոն զլոտի՝ որպես ֆաշիստական օկուպացիայի տարիներին կրած վնասի փոխհատուցում: Գերմանիայի դաշնային կառավարությունը մերժել է և հիմնավորել, որ «բավարար չափով փոխհատուցում Լեհաստանն արդեն ստացել» է:
Ռուսաստանից ի՞նչ կարգի և չափի փոխհատուցում է մտադիր պահանջել Լեհաստանը, ի՞նչ մարմին պետք է քննարկի Մոսկվայի դեմ Վարշավայի հայցը, այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Ուշագրավ է խնդրի քաղաքական կողմը: Անցյալ դարում Լեհաստանը երկու անգամ ենթարկվել է բոլշևիկյան ագրեսիայի: Լեհաստանում խորհրդային կարգեր հաստատելու առաջին փորձը ձախողվել է, բոլշեւիկյան զորքերը ծանր պարտություն են կրել:
Երկրորդ անգամ Լեհաստանը մասնատվել է նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության միջև, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վարշավայում հաստատվել է կոմունիստական իշխանություն:
Բայց Լեհաստանը միակը չէ, որ տուժել է Ստալին-Հիտլեր գործարքից, կորցրել ինքնիշխանությունը, ունեցել մարդկային, տարածքային և քաղաքակրթական ահռելի կորուստներ:
Ռուսաստանի դեմ կրած կորուստների փոխհատուցման լեհական հայցը կարող է ընդօրինակելի լինել առաջին հերթին մերձբալթյան երեք երկրների համար, որ 1939-40 թվականներին կորցրել են անկախությունը և բռնակցվել ԽՍՀՄ-ին:
Էստոնիան, Լատվիան ու Լիտվան նման հայց հարուցելու իրավական լուրջ հիմք ունեն. ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը գոյության վերջին շրջանում Մերձբալթիկայի խորհրդայնացումը ճանաչել է միջազգային իրավունքին հակասող:
Արդյոք մերձբալթյան երկրները կհետևե՞ն Լեհաստանի օրինակին: Ավելի ճիշտ, Մոսկվայի դեմ Վարշավայի հայցի նախապատրաստումը ծրագրված քաղաքականությո՞ւն է, որ Եվրամիությունը փորձում է կիրառել:
Զուտ քաղաքական առումով Լեհաստանի այդ քայլը ներգրվում է Ռուսաստանից սպասվող սպառնալիքին դիմակայելու համալիր քայլերին, որ ծրագրում է Եվրամիությունը, բայց որքա՞ն հետևողական կլինի այդ հարցում Բրյուսելը, դժվար է ասել:

Բաց մի թողեք
Բելգիան նկատողություն է անում ԱՄՆ դեսպանին` թլպատման մեղադրանքների համար
Ով է ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը․ Լուսանկար
Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը