18/02/2026

Հայաստանում ընտրողների թիվը 21-ի համեմատ նվազել է 100 հազարով

Yntrutyun

Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընտրողների թիվը 2 միլիոն 489 հազար 31 է: Սա Ներքին գործերի նախարարության Միգացիայի և քաղաքացիության ծառայության տվյալն է, որը տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հետագայում արտացոլվում է նախընտրական ցուցակներում:

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրողների քանակն` ըստ մարզերի եւ ամբողջ հանրապետությունում: Համեմատելով այս թիվը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թվի հետ տեսնում ենք, որ այս տարի ընտրողների թվաքանակը պակասել է մոտ 100 հազարով:

2021 թվականին ընտրողների ընդհանուր թիվը նախընտրական ցուցակներում ավելի քան 2.5 միլիոն էր, ավելի ստույգ՝ 2 միլիոն 583 հազար 823:

Թվում էր՝ ընտրողների քանակը պետք է ավելանա, հաշվի առնելով, որ 100 հազարից ավելի արցախցիներ են 21-ից հետո եկել Հայաստան: Նրանց մի մասը ստացել է նոր անձնագրեր` Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառված է Հայաստանում, հետեւապես, ունի ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք: Բայց իրական թվերը չգիտես ինչու` պակասել են:

ԿԸՀ-ից չկարողացան պատասխանել մեր հարցին, թե որն է ընտրողների թվաքանակի նվազման պատճառը, ասելով, որ տվյալները տրամադրել է Ներքին Գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը: Իսկ այնտեղից խոստացան պատասխանել ավելի ուշ: Հնարավո՞ր է, որ ընտրողների թվաքանակը նվազած լինի արտագաղթի պատճառով: «Ոչ, սահմանահատումների սալտոն 2025 թվականին դրական է եղել», – պատասխանում է ՆԳ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Միգրացիոն փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը դժվարացավ ստույգ պատասխան տալ մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ ավելի քան 100 000 ով պակասել են ՀՀ ընտրողները: «Այդ ցուցակներում կարող են լինել մահացած մարդիկ, 18 տարին լրացածներ, որոնք այս ընթացքում այլ երկրի քաղաքացիություն են ձեռք բերել եւ դադարեցրել են ՀՀ քաղաքացիությունը», – ասում է նա: Ըստ փորձագետի, ընտրողների թվաքանակը կարող է նվազել միայն եթե մարդիկ մահացել են, կամ դադարեցրել են ՀՀ քաղաքացիությունը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2. 573. 779 է եղել, հաջորդ ընտրությունների ժամանակ` 2021-ին այն ավելացել է մոտ 10 հազարով: