18/02/2026

Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ

Nubar Afeyan

Բաքվի բանտում գտնվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, ով նրա հետ հիմնել է «Ավրորա» մրցանակը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվում հնչեցրած «դատավճիռը»:

Այս մասին նա գրել է իր X-ում:

«Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր առևանգողների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է»,-գրել է նա։

Աֆեյանը կոչ է արել. «Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։ Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

Հիշեցնենք՝ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։