Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Քյոչքյասար գյուղում այրվել է եռահարկ առանձնատուն, որ պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Մահիր Խանահմեդովին:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վերջինս ՌԴ է տեղափոխվել ավելի քան տասը տարի առաջ և Խանտի-Մասիյսկում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Անցյալ տարի նա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի աջակցությամբ ընտրվել է «Ադրբեջան-Սուրգութ» ազգային-մշակութային միավորման նախագահ: Փաստացի դա նշանակում է, որ նա հանդիսանում է Խանտի Մասիյսկի ինքնավար օկրուգի «ադրբեջանական համայնքի» ղեկավարը:
Իշխանական haqqin.az-ի տեղեկություններով, Խանահմեդովը «մտերիմ հարաբերություններ է ունեցել Եկատերինբուգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկու հետ»: Վերջինս անցյալ տարվա հունիսին ՌԴ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի կողմից բերման է ենթարկվել:
Ռուսաստանի իրավապահներն այնուհետև բերման են ենթարկել նրա եղբայրներին և որդուն: Այդ հատուկ գործողությունների ընթացքում երկու ադրբեջանցի մահացել է: Ադրբեջանում հատկապես ցավոտ են ընդունել ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի բերման են ենթարկվել «էթնիկ հանցավոր խմբավորման անդամներ»:
Աղստաֆայի Քյոչքյասար գյուղում ռուսաստանաբնակ Խանահմեդովին պատկանող եռահարկ առնաձնատունը հրդեհվել է, երբ հայտնի է դարձել, որ Եկատերինբուրգում ավարտվել է Շիխլինսկու, նրա եղբայրների և ևս մեկ ադրբեջանցու գործով դատավարությունը:
Ընդ որում, պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննությունը տեղի է ունեցել երդվյալների մասնակցությամբ:
Նրանք Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել երկու անձի սպանության և ևս երկուսի դեմ մահափորձ իրականացնելու մեջ: Դատախազը պահանջել է Շահին Շիխլինսկուն դատապարտել 23 տարվա ազատազրկման:
Խոսքն, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությունը վայելած խմբավորման նկատմամբ դատավարության մասին է, որի քաղաքական նշանակությունը, բնականաբար, ծանր հարված է առաջին հերթին Իլհամ Ալիևի համար: Շիխլինսկու և նրա եղբայրների ազատազրկումը ոչ միայն Ուրալի, այլև Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիների համար հստակ ազդակ է, որ Ալիևն այլևս Պուտինի բարեկամը չէ և հեղինակություն չունի:
Աղստաֆայում Խանահմեդովին պատկանող առանձնատան հրդեհի մասին Ադրբեջանի պատկան մարմինները դեռևս ոչ մի տեղեկություն չեն հայտնել: Սոցիալական հարթակներում տեղեկություն է հայտնվել, որ առանձնատանը ոչ ոք չի գտնվել, հրդեհը բռնկվել է երրորդ հարկից:
Իշխանական լրատվամիջոցները գյուղի անանուն բնակիչներին վկայակոչելով՝ տեղեկացրել են, որ Խանահմեդվը «միայն բարություն և բարեգործություն է արել, հայրենի գյուղում թշնամիներ չուներ»: Կարծես թե ակնարկվում է, որ ռուսաստանցի գործարարը «նախազգուշացում է ստացել»:
Նույն օրը հայտնի է դարձել, որ Մոսկվայում ադրբեջանցի ամուսինները «բարձրահարկ շենքի պատշգամբից վայր են ընկել և տեղում մահացել»: Զուտ կենցաղային թվացող դեպքերը, շատ հավանական է, Մոսկվա-Բաքու լարվածության միայն արտաքին դրսևորումներ են:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «հաշիվներ պարզելու» վտանգավոր ժամանակներ են սկսվում:

Բաց մի թողեք
Ո՞ւմ է պետք Դոնբասի տիրապետումը, երբ Կալինինգրադը բաժանում է «միութենական պետության իրավահավասար սուբյեկտ» Բելառուսից
ԱՄՆ-ն Հունգարիայի հիմնական դաշնակիցն է` Պուտինի կողմնակի՞ց
Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառնում սպառողի կարգավիճակին