Ռուսաստանի պետդումայի նախագահ Վոլոդինը պրոֆիլային հանձնաժողովների քննարկմանն է ներկայացրել կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, սահմանվել է ժամանակացույց. Կառավարության առաջարկությունները պեդուման առաջին ընթերցմամբ պետք է քննարկի արդեն մարտի կեսերին:
Պարբերականի գնահատմամբ, «նման շտապողականությունը թույլ է տալիս ենթադրել, որ առաջարկվող փոփոխություններն ունեն չափազանց մեծ կարևորություն»:
Ռուսաստանյան մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ «Կոմերսանտի» ունեցած տեղեկություններով՝ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում և Հարկային օրենսգրքում»:
Ըստ էության, դրանք փոխկապակցված փոփոխություններ են և վերաբերում են ՌԴ տարածքում «աշխատանքային միգրանտի կարգավիճակ ունեցող անձանց»:
Ավելի վաղ օրենքով սահմանվել է, որ ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացին կեցության իրավունք կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե Միգրացիոն ծառայության մարմիններին ներկայացնում է գործատուի գրավոր երաշխավորությունը, որ նա տարվա մեջ առնվազն տասը ամիս կունենա պարտադիր հարկվող աշխատանքային վարձատրություն:
Ընդ որում, երաշխավորություն ներկայացնելուց բացի օտարերկրյա քաղաքացին պարտավոր է մուծել նաև հազար յոթ հարյուր ռուբլու «հարկային կանխավճար»:
Կառավարության առաջարկած փոփոխությունը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիր կնքած և գործատուի երաշխավորությունը ներկայացրած օտարերկրյա քաղաքացին նույն հազար յոթ հարյուր ռուբլու «հարկային կանխավճար» պետք է մուծի ընտանիքի բոլոր անդամների համար: Մուծումները պետք է կատարվեն յուրաքաչյուր ամսվա սկզբին:
Ըստ էության, սահմանվում է ՌԴ տարածքում ժամանակավոր կեցության հարկ, որ ՌԴ սուբյեկտներում կգանձվի «տարածաշրջանային գործակցով բազմապատկման կարգով»:
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքում առաջարկվում է չափազանց կոշտ փոփոխություն. եթե օտարերկրացի անձի զավակները հասնում են տասնութ տարեկան տարիքի, ապա այն լրանալուց երեսուն օր առաջ նրանք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը, եթե չունեն վերոհիշյալ կարգով ձեռք բերված՝ աշխատանքի և կեցության իրավունք:
Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատանքային միգրանտի կարգավիճակ ունեն հիմնականում հետխորհրդային երկրների քաղաքացիները: Որքա՞ն են տնտեսական, սոցիալական և ներքին անվտանգության առումներով հիմնավորված ՌԴ կառավարության առաջարկությունները, կարելի է ընդունել կամ վիճարկել:
Քաղաքական իմաստով, իսկ թվում է՝ փոփոխություններն առաջին հերթին նման նպատակ են հետապնդում, Ռուսաստանը հետխորհրդային երկրներին նախազգուշացնում է, որ այլևս նրանց «քաղաքացիներին անվճար չի կերակրելու»:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանից դրամական փոխանցումները հետխորհրդային երկրների համար էական են: Խստացնելով իր տարածքում աշխատանքի և կեցության իրավունք ձեռք բերելու կարգը, սահմանելով «աշխատանքի հարկ» և սահմանափակելով միգրանտների հասուն զավակների Ռուսաստանում ապրելու իրավունքը, Մոսկվան հետխորհրդային երկրներին փաստացի լոյալություն է պարտադրում՝ ակնարկելով, որ հաջորդ քայլով կարող է նրանց քաղաքացիներին պարզապես արտաքսել:
Պետդուման, անկասկած, այդ փոփոխությունները շատ արագ կընդունի, և Ռուսաստան-հետխորհրդային երկրներ հարաբերություններում կծագեն նոր խնդիրներ: Խնդիր է, թե Մոսկվան որքա՞ն է «ձգելու պարանը» և այն որտե՞ղ կարող է կտրվել՞:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը