02/06/2026

EU – Armenia

Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է. կողմերը գնո՞ւմ են գործարքի

Ժնևում ավարտվել է իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը:

Այն դարձյալ ընթացել է Օմանի արտաքին գործերի նախարար ալ-Բուսայիդիի միջնորդությամբ: Նա առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Գրոսիի հետ:

CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը «առանձին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ»:

Իսրայելական vesty ռուսալեզու առցանց լրատվամիջոցը փորձել է ի մի բերել Ժնևում իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլի ավարտին հաջորդած տեղեկությունները և առաջին հերթին մեջբերել է Օմանի արտաքին գործերի նախարարին, ում գնահատմամբ «օրն ավարտվել է Իրանի և ԱՄՆ միջև բանակցություններով առաջընթացով»:

Ալ-Բուսայիդին նաև ասել է, որ «բանակցությունները կվերկսվեն խորհրդատվություններից հետո» և անոնսավորել, որ «տեխնիկական մակարդակի քննարկումները հաջորդ շաբաթ կսկսվեն Վիենայում»:

Ըստ իսրայելական լրատվամիջոցի, Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին բանակցությունների ավարտին ասել է, որ կողմերին «հաջողվել է միջուկային էներգիայի և պատժամիջոցների հարցերում որոշ դրական արդյունքների հասնել»:

Արաղչին նույնպես հաստատել է, որ տեխնիկական խմբերը եկող շաբաթ «բանակցություններ կսկսեն»: Իրանի արտգործնախարարը բանակցությունների երրորդ փուլը գնահատել է որպես «մյուսներից ամենալուրջը և դրականը»: Ըստ նրա, «կողմերը «հասել են համաձայնագրի և պատժամիջոցների չեղարկման դետալների քննարկմանը»:

Ամերիկյան կողմը դեռևս Իրանի հետ բանակցությունների երրորդ փուլ գնահատական կամ գործընթացի շարունակության մասին որևէ տեսակետ չի հնչեցրել: Ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Ուիթկոֆի և Դմիտրիև հանդիպումը, որ կազմակերպվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ընդմիջման ժամերին, «վաղաժամկետ ընդհատվել» է:

Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ը մասնակիորեն հաստատել է՝ փոխանցելով Դմիտրիևի լրագրողներին կոպիտ պատասխանը. «Ոչինչ չենք մեկնաբանում»:

Իրանա-ամերիկյան և ռուս-ամերիկայն բանակցություններն, իհարկե, «խաչվող» չեն, բայց Ռուսաստանը և Իրանը կապված են ռազմավարական համագործակցության մասին պայմանագրով: Այս առումով, գուցե, Ուիթկոֆ- Դմիտրիև հանդիպման «վաղաժամ ընդհատումը» կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ:

Ավելի վաղ տպավորություն կար, որ Իրանը կարող է հարստացված ուրանի պաշարներն «ի պահ հանձնել Ռուսաստանին»: Ժնևի երրորդ հանդիպման նախօրեին ամերիկյան մամուլը հայտնել է, որ ԱՄՆ-ը «պահանջում է հարստացված ուրանը հանձնել իրեն»:

Իրականում Օմանի միջնորդությամբ ինչ են քննարկել Ուիթկոֆը և Արաղչին, հայտնի չէ և բանակցություններում «առաջընթացի» հավաստիությունը շարունակում է մնալ խսիտ կասկածելի, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է Մերձավոր Արևելքում մեծացնել ռազմական ներկայությունը:

Israel Inside-ը գտնում է, որ Հնդկաստանի վարչապետի երկօրյա այցը Միացյալ Նահանգներին հարկադեր է «հետաձգել Իրանին հարվածը, բայց այն կհասցվի փետրվարի 28-ին, երբ կսպառվի գործարքին համաձայնելու համար Թեհրանին Դոնալդ Թրամփի տված վերջնաժամկետը»: