15/03/2026

EU – Armenia

Ռուսաստանն Ադրբեջանին քաշում է իր տակ․ Մոսկվան և Բաքուն առնվազն հակադիր ճամբարներում չեն

Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այդ մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության, ռուսաստանյան կողմը «Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին Իրանի իսլամական հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը ցուցաբերած օպերատիվ օգնության համար անկեղծ երախտագիտություն է հայտնել»:

Այնուհետև կողմերը «մանրամասն անդրադարձել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգին»: Ընդգծվել է, որ կողմերը մոտ ժամանակներս անցյալ տարի Դուշանբեում հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում «գործնական քայլեր կձեռնարկեն, որպեսզի կարգավորվեն 2024թ. դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի խորտակման հետևանով ծագած խնդիրները»:

Պաշտոնական տեղեկատվությունն այնուհետեւ հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը «փոխադարձ պատրաստակամություն են հայտնել զարգացնելու առևտրա-տնտեսական, արդյունաբերական, ներդրումային տրանսպորտա-լոգիստիկ հարաբերությունները, քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման հեռանկարները»:

Մոսկվան և Բաքուն «վերահաստատել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը»:

Այսպիսով կարելի է արձանագրել երկու կարևոր հանգամանք: Ռուսաստանը «խոստացել» է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման հետ կապված «խնդիրները կարգավորելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել»:

Ոչ ավելի, քան մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը վերստին հնչեցրել է այդ հարցում «հաշտության» Բաքվի նախապայմանները՝ ընդունել, որ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ «թույլ տված սխալի հետևանքով», մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել, փոխհատուցել AZAL ավիաընկերության վնասները, զոհվածների ընտանիքներին և տուժածներին փոխհատուցում վճարել:

Երկրորդ էական հանգամանքն այն է, որ Ադրբեջանը «խոստացել» է շարունակել «Հյուսիս-հարավ»՝ Ռուսաստան-Իրան տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները: Այսինքն, չնայած Իրանի շուրջ լարված իրավիճակին կամ, ավելի ճիշտ, իրանա-իսրայելական պատերազմին, որին ուղղակի ներգրավված է Միացյալ Նահանգները, Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցության տրանզիտի ապահովման հանձնառությանը:

Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով ծագած խնդիրների կարգավորման հիմք է ընդունվել Դուշանբեում անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունը, կարելի է ասել, որ Ալեքսեյ Օվերչուկը Բաքու է գործուղվել ՌԴ նախագահ Պուտինի ուղղակի հրահանգով և Ալիևի հետ բանակցություններում հանդես է եկել նրա անունից:

Հակառակ դեպքում նրա վիզավին կլիներ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը: Ըստ երևույթին, հատկապես տարածաշրջանի կոմունիկացիաների հարցով քննարկումներն ավելի լայն «շառավղով» են ընթացել:

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի համատեքստում Օվերչոկի Բաքու այցը, հավանաբար, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերբեռնման ազդանշան է: Դա նշանակում է, որ Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծման և տարածաշրջանում ուժերի հետագա հարաբերակցության հարցում Մոսկվան և Բաքուն առնվազն հակադիր ճամբարներում չեն: