ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել:
«Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։
Բացի այդ՝ նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, որը վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400 հազար ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է:
Արդյունքում կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը, այսինքն՝ կաշառք տալը ավարտին հասցնել:
Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին, նաև կաշառք տված քաղաքացուն մեղադրանքներ են ներկայացվել:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ