Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձևավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները,- 2020թ. դեկտեմբերի 17-ին գրել է «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով, խոսքը առաջին հերթին ուժայինների՝ ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի փոփոխության մասին է։
«Փոփոխություններ կլինեն նաև խորհրդարանում, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ, այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Արայիկ Հարությունյանի կուսակից, արդեն նախկին կուսակից Արթուր Սարգսյանը (լրատվամիջոցը անճշտություն է թույլ տվել, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Թովմասյան Արթուրը)»,- հավելել է «Հրապարակը» և ամփոփել. «ԱՀ նախագահը երեկ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս գալու մասին և ուղերձ հղեց, որով, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին։
Այս տեղեկատվության «բանալի» շեշտադրումները երեքն են. «Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձևավորման գործընթացը», «ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ», «Արայիկ Հարությունը, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին»:
Գործընթացը համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի իշխանությունների հետ, հայտնի չէ և հազիվ թե երբևէ բացահայտվի: Լինում են իրավիճակներ, երբ հրապարակային դիմակայության ռեժիմում գործող, ինչպես այդ պահին Հայաստանի իշխանությունները և ՀՅԴ-ն ու Վիտալի Բալասանյանն էին, սկզբունքային նշանակության հարցերում մինչև վերջ միմյանց խնայում են, և սա, գուցե, այդ դեպքն է:
Այդուհանդերձ, աչքի է զարնում, որ «ազգային համերաշխության իշխանություն» ասելով՝ լրատվամիջոցը, ավելի ճիշտ՝ նրա ստեփանակերտյան աղբյուրները, նկատի են ունեցել Դաշնակցություն – Վիտալի Բալասանյան համախոհությունը, որին միացած էր ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, քանի որ նոյեմբերի 10-ին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հայտարարություն տարածել էին ԱԺ ՀՅԴ, «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները:
«Ազգային համերաշխության իշխանություն» այդ փուլում Արցախում չի ձևավորվել, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը չի դարձել Ազգային ժողովի նախագահ, Արայիկ Հարությունյանը իշխանությունը Վիտալի Բալասանյանին չի փոխանցել: Բայց գործող իշխանության լեգիտիմությունը և, մանավանդ, գործունակությունը ոչ միայն գեթ մեկ նիշով չի բարձրացել, այլև միանգամից մի քանի նիշով գահավիժել է:
Պետք է արձանագրել, որ Ստեփանակերտում «ազգային համերաշխության իշխանության» ձևավորման այս անոնսն արվել է մի փուլում, երբ Հայաստանում կազմավորվել էր «Փրկության շարժումը», որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Շարժումը ֆորմալ առումով առաջնորդում էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Արայիկ Հարությունյանի կողմից իշխանության փոխանցումը Վիտալի Բալասանյանին, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի նշանակումը «Փրկության շարժմանը» մեծ լիցք կհաղորդեր:
Թե ինչո՞ւ Արցախում ծրագրված իշխանափոխությունը տեղի չի ունեցել, մնում է գաղտնիք: Հայաստանի իշխանություններին հաջողվե՞լ է դա կանխել, Արայիկ Հարությունյա՞նն է կարողացել պահպանել գոնե անվանական դիրքը, թե՞ ՀՅԴ-ն մի պահի իր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին «արկածախնդրությունից զերծ է պահել»:

Բաց մի թողեք
Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել
Մոսկվան չի ընդունում Եվրամիություն – Հայաստան գործընկերությունը
Իրանը, մյուս կողմից Թուրքիան ձգտում են Իսրայելի դեմ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել