Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերստին բարձրացրել է «Ադրբեջանի պատվերով Բելառուսի կողմից իրեն Հաայստանում ձերբակալելու պահանջի» թեման և սպառնացել, որ եթե Հայաստան հերթական այցի դեպքում «դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում խնդիրներ ունենա, ապա Երևանից ուղիղ կթռչի Ստրասբուրգ և Բրյուսել, որտեղ զբաղնունք կգտնվի»:
Հասկանալի է, թե ակնարկն ինչի մասին է. Լապշինը սպառնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ դատական հայց հարուցելու հեռանկարով:
Մի կողմ թողնենք իրողությունը, որ եթե Ադրբեջանը Լապշինին հետապնդելու նպատակ ունենա, ապա դա կարող է հանգիստ անել Իսրայելի կառավարության միջոցով: Իլհամ Ալիևի հարաբերությունները Բենիամին Նաթանյահուի հետ ոչնչով չեն զիջում նրա և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի «եղբայրությանը», եթե չասենք, որ ավելին արժեն, իսկ Իսրայելը բոլորովին էլ ազատ ժողովրդավարության երկիր չէ:
Հարկ եղած դեպքում Լապշինին կարող են զորակոչել և ուղարկել, ասենք, Լիբանանի հարավ, որպեսզի անձնական օրինակով ապացուցի, թե ինչքան է ատում «Հըզբալա»-ին և նրա «ահաբեկիչ զինառյալներին»:
Բայց դառնանք Լապշինի հայաստանյան «մսուրին»: Սույն անձնավորությունը հերթական անգամ Երևան է այցելել Իրանի դեմ իսրայելա-ամերկյան հարձակման նախօրեին: Մարտի մեկին նա ֆեյսբուքի անձնական օգտահաշվում այսպիսի գրառում է կատարել: «Ի՞նչ ասես հիմար հայերին, որ ամենուր գլուխ են խոթում:
Հազարավոր մարդիկ Երևանում Իրանի դեսպանատան մոտ սգում են մարդասպան Խամենեիի մահը»: Ըստ երեւույթին, նրա Երևան այցի բուն նպատակը հենց դա է եղել՝ Իսրայելում և այլ երկրներում իր հետեւորդներին «ապացուցել», որ Հայաստանը «հակաիսրայելական և իրանամետ երկիր է»:
Լապշինն, ընդսմին, զլացել է նույն օպերատիվությամբ արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում Իրանի դեսպանատուն այցը և ցավակցությունների մատյանում կատարած գրառումը:
Միանգամայն բնական, օրինաչափ և նույնիսկ պահանջված է, որ Հայաստանի հանրային և լրագրողական շրջանակները նկատել են Խամենեիի մահը «Երևանում համազգային սգալու» մասին Լապշինի սադրանքը նկատել են և նրան համապատասխան վերաբերմունքի արժանացրել:
Հայաստանի իշխանությունների և իշխանամետ լրատվամիջոցների հասցեին նրա թունավոր արտանետումներն, ըստ այդ, ոչ ավելին են, քան՝ ինքնարադարացման փորձ:
Իր համար նա արդեն իսկ Հայաստանում «հալածյալի» կերպար է ստեղծում և փորձում մի քանի լրատվամիջոցների կողմից իր հասցեին գործածած կոշտ որակումները տարածել են Իսրայելի և առհասարակ հրեա ժողովրդի ու հրեականության նկատմամբ:
Հայաստանի իշխանություններն, իհարկե, չպետք է նրան այդ հնարավորությունը տան: Եվ, առհասարակ, ճիշտ կլինի, որ ԱԱԾ-ն հրապարակայնացնի, թե ամեն անգամ Հայաստան այցելելով՝ Լապշինն ինչո՞ւ է «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ ստորացման ենթարկվում:
Մանավանդ որ, ինչպես Լապշինն ինքն է վկայել, Բելառուսի պահանջի վերաբերյալ առկա է Հայաստանի դատարանի վճիռ, որ այն չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի