17/04/2026

EU – Armenia

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ

«ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի:

«Երբեք մի՛ ասա երբեք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը: ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր:

Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց մեր սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ:

Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, թե այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել:

«Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է: Դա ինչո՞վ է պայմանավորված: Հիմա կասեն՝ խաղաղության, գուցե և, բայց նաև այն բանով, որ օրենքներ ենք ընդունել, որոնք փոխում են միջավայրը, և այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին՝ վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում և շարունակվում էր, այժմ կանգնած է»,- ասել է Քոչարյանը:

Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը, թեև խնդիրներ կան, և փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները. «Խաղաղության ամեն օրը՝ օրենսդրությունից սկսած, պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից»: